ՀՀ ԿԲ–ն մեղմացրել է բանկերի կողմից ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման ընթացակարգը

13.11.2015 16:40
ՀՀ ԿԲ–ն մեղմացրել է բանկերի կողմից ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման ընթացակարգը

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը մեղմացրել է բանկերի կողմից ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման ընթացակարգը, նշվում է ՀՀ ԿԲ–ի հաղորդագրության մեջ։

ՀՀ ԿԲ խորհուրդը փոփոխություններ է կատարել «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում, որոնց հիմնական նպատակն է խթանել բանկերի կողմից երկարաժամկետ և կայուն ֆինանսավորման միջոցների ներգրավումը, բանկերի կողմից պարտատոմսերի թողարկումը, միջազգային բորսաներում ցուցակումը:

Իրականացված փոփոխությունների արդյունքում մեղմացվել է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման ընթացակարգը` առավել արտոնյալ պայմաններ սահմանելով երկարաժամկետ և կայուն ֆինանսավորման միջոցների ներգրավման դեպքում:

Մասնավորապես, փոփոխություններով նախատեսվում է արտոնյալ պահուստավորում դրամով և արտարժույթով ֆինանսական միջոցների ներգրավման համար, այդ թվում` թողարկված պարտատոմսերի միջոցով, եթե դրանք բավարարում են ԿԲ–ի որոշակի պահանջներին։

«ԿԲ կողմից «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում կատարված փոփոխությունները խթաններ կստեղծեն բանկերի կողմից երկարաժամկետ և կայուն ֆինանսավորման միջոցների ներգրավման համար` ընդլայնելով վարկավորման հնարավորությունները», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հարկ է նշել, որ դեռևս մարտին ԿԲ–ն փոփոխություններ է կատարել բանկերի պարտադիր նորմատիվների հաշվարկների դրույթում։ Մասնավորապես, վերանայվել է բանկերի պարտատոմսերի թողարկման արդյունքում ներգրավված միջոցների պահուստավորման կարգը, որի դեպքում առավելագույն արտոնյալ ռեժիմը կկիրառվի միջազգային բորսաներում ցուցակում անցած պարտատոմսերի նկատմամբ։

Բացի այդ, փոփոխությունների արդյունքում էականորեն ընդլայնվել է այն միջազգային ֆինանսական կազմակերպությունների ցանկը, որոնցից ներգրավված միջոցները ենթակա են պարտադիր պահուստավորման` նվազեցված տոկոսադրույքով։

«Բանկային գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» №2 դրույթի 24.1. կետի փոփոխությունների համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի կողմից արտարժույթով, ինչպես նաև առարկայազուրկ մետաղական հաշիվներով (այսուհետ` մետաղական հաշիվ) ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը մնացել է անփոփոխ`ներգրավված միջոցների 20 տոկոսի չափով։ Միաժամանակ, պարտադիր պահուստավորման նորմատիվն իրականացվում է դրամով և կազմում է 2 տոկոս։

ՀՀ ԿԲ–ն արժութային շուկայի վիճակը կայունացնելու նպատակով 2014 թ.–ի դեկտեմբերի 17–ին 12 տոկոսից 24 տոկոսի է հասցրել արտարժույթով առևտրային բանկերի պարտադիր պահուստավորման նորմատիվը։ Միաժամանակ արդեն դեկտեմբերի 24–ին կարգավորիչը նվազեցրել է նորմատիվը`հասցնելով 20 տոկոսի։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև