Մեկնարկում է «Սովորում ենք ներդնել» կրթական նոր ծրագիրը

17.11.2015 16:09
Մեկնարկում է «Սովորում ենք ներդնել» կրթական նոր ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Քոնսալթինգ Զոն ընկերությունը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի հետ համատեղ հայտարարում է արժեթղթերի շուկայում կրթական նոր՝ «Սովորում ենք ներդնել» (Learn to Invest) նախագծի մեկնարկի մասին, հատնեցին բորսայի մամուլի ծառայությունից:

Նախագիծն ուղղված է արժեթղթերի ոլորտում կրթության զարգացմանն ու գործնական հմտությունների ձեռքբերմանը, ինչպես նաև ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացմանն ընդհանրապես:

Քոնսալթինգ Զոնի կրթական ծրագրերը կներառեն դասընթացների լայն շրջանակ՝ սկսած անվճար սեմինարներից ու թրեյնինգներից, որտեղ բոլոր ցանկացողները կարող են ստանալ ամենատարրական գիտելիքներ արժեթղթերի շուկայի և ֆինանսական գործիքների մասին, և մինչև խորացված դասընթացներ, «վարպետության դասեր» (master classes)՝ ուղղված շուկայի մասնակիցների մասնագիտական որակի բարձրացմանը:

Նախագծի շրջանակներում կդասավանդեն դասախոսներ, որոնք ունեն ոչ միայն խորը տեսական գիտելիքներ, այլ նաև երկար տարիների աշխատանքային փորձ միջազգային ֆինանսական շուկաներում: Նախագիծը ներառում է նաև «վարպետության դասեր» (master classes) արտասահմանյան մասնագետների մասնակցությամբ:

Ուսուցման գործընթացում մեծ ուշադրություն է հատկացվելու ուսուցման պրակտիկ ասպեկտին և գործնական հմտությունների զարգացմանը:
Արդյունքում, դասընթացների մասնակիցները ձեռք կբերեն ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ նաև ֆոնդային շուկայում աշխատելու համար անհրաժեշտ գործնական հմտություններ, ինչպես նաև կստանան հնարավորություն մասնակցելու միջազգային մրցույթների և անցնելու պրակտիկա արևմտյան ֆինանսական ընկերություններում:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ.–ի հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100% բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ.–ի հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առուվաճառքի աճուրդների կազմակերպման արտոնագիրը Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև