Ջավադյան. Հայաստանի բանկերի եկամուտները պակասեցին տոկոսադրույքների սպրեդի նվազման պատճառով

19.11.2015 15:03
Ջավադյան. Հայաստանի բանկերի եկամուտները պակասեցին տոկոսադրույքների սպրեդի նվազման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի եկամուտների անկումը պայմանավորված է տոկոսադրույքների սպրեդի նվազմամբ, «Ժամանակ» թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։

Հայաստանի բանկերի զուտ շահույթը 2015 թ.–ի 9 ամսում կազմել է 13 129,7 մլն դրամ` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով ավելի քան մեկուկես անգամ (53,4 տոկոսով)։ Հաշվետու ժամանակահատվածում շահույթ են գրանցել Հայաստանում գործող 21 բանկերից 14–ը։

ՀՀ ԿԲ նախագահը նշել է, որ բանկերը ստիպված էին նվազեցնել վարկավորման տոկոսները, նման իրավիճակում ստիպված էին նաև շատ չնվազեցնել ավանդների դիմաց տրվող տոկոսադրույքները։

«Եթե ավանդների տոկոսադրույքը մնում է նույնը, վարկերինը նվազում է, դա շատ է ազդում բանկերի եկամուտների վրա։ Բայց ԿԲ–ի վերջին որոշումներից հետո այդ հարցերը լուծվել են», – նշել է նա։

Ջավադյանի խոսքով` ԿԲ–ի վերջին որոշումները վերաբերում էին պարտադիր պահուստավորման նորմատիվին։ Մասնավորապես, նա նշել է, որ կարգավորիչը պարտադիր պահուստավորումից ազատեց դրսից բերվող գումարները, երկար գումարները, թողարկումները բորսաներում։

«Այսպիսով, մենք հիմա նույնիսկ ավելի լավ պայմաններ ենք ստեղծել, քան անցած տարի», – ասել է նա։

Ինչպես նշել է Ջավադյանը, բանկային համակարգի գործունեության վրա ազդել է երկրում տիրող ընդհանուր տնտեսական իրավիճակը։ Նա ավելացրել է, որ արտարժույթի շուկայի կարգավորմանն ուղղված կարգավորիչի գործողությունները չէին կարող լուրջ ազդեցություն ունենալ բանկերի եկամուտների նվազման վրա։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև