Հայ մասնագետների մշակած ինովացիոն ֆինանսական գործիքը կներկայացվի Լոնդոնում կայանալիք հեղինակավոր համաժողովի շրջանակում

24.11.2015 14:42
Հայ մասնագետների մշակած ինովացիոն ֆինանսական գործիքը կներկայացվի Լոնդոնում կայանալիք հեղինակավոր համաժողովի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  2015 թվականի նոյեմբերի 26-27-ը Լոնդոնում տեղի կունենա CFA (Chartered Financial Analyst) ինստիտուտի ամենամյա Եվրոպական ներդրումային համաժողովը, որի ժամանակ «IFC Markets» ընկերությունը կներկայացնի հայ մասնագետների մշակած ինովացիոն ֆինանսական գործիքը՝ GeWorko-ը։

«Մեթոդի համահիմնադիրներն են «IFCM Group» ընկերության գլխավոր տնօրեն Գևորգ Օդաբաշյանն ու Տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Արտավազդ Կարդաշյանը», – տեղեկացրեցին IFC Markets ընկերությունից։

Հեղինակների կարծիքով` GeWorko մեթոդի յուրահատկությունը նրանում է, որ դրա շնորհիվ հնարավոր է դառնում ստեղծել և ֆինանսական շուկաներում ներդրում կատարել տարատեսակ ակտիվներից բաղկացած պորտֆելներով, որոնք համադրելով հնարավոր է տեսնել մեկի արժեքորոշիչը մյուսի նկատմամբ։ Պորտֆելները կարող են բաղկացած լինել արժույթներից, տարբեր շուկաների արժեթղթերից, ինդեքսներից, ապրանքներից։

Մեթոդն իր տեսակով նման է արտարժութային շուկայում իրականացվող գործարքների գաղափարին, երբ մի ակտիվն արժենշվում է մեկ ուրիշով։

Պորտֆելային ներդրումն, այս տեխնոլոգիայի համաձայն, իրականացվում է երկու պորտֆելի հիման վրա, այսինքն՝ մի պորտֆելը հանդես է գալիս որպես բազային մաս, իսկ մյուսը՝ արժեքորոշիչ։

GeWorko մեթոդը մշակվել է պրոֆեսիոնալ թրեյդերների համար, որոնք ներդրումային գործարքներ իրականացնելիս լրացուցիչ վերլուծության կարիք ունեն։

Ներկայումս այս մեթոդը կիրառելի է միայն NetTradeX առևտրային հարթակում։

CFA ինստիտուտի համաժողովին, որը նվիրված է տարածաշրջանում 2015 թվականի առավել արդիական տնտեսական զարգացումներին, կմասնակցեն աշխարհի 54 երկրներից պատվիրակություններ՝ Եվրոպայի առաջատար պորտֆելային մենեջերներ, վերլուծաբաններ, ներդրողներ և տարբեր ընկերությունների ղեկավարներ։

CFA (Chartered Financial Analyst – դիպլոմավորված ֆինանսական վերլուծաբան) ինստիտուտը, որը ստեղծվել է 1962 թվականին, պրոֆեսիոնալ ներդրողների համաշխարհային ասոցիացիա է։ Ինստիտուտը ֆինանսների և ներդրումների ոլորտում շնորհում է աշխարհի ամենահեղինակավոր հավաստագիրը։ CFA ինստիտուտի կենտրոնական գրասենյակները գտնվում են Նյու Յորքում, Լոնդոնում, Հոնգկոնգում, Մումբայիում և Շարլոտսվիլում (ԱՄՆ)։ 2014 թվականի դրությամբ՝ ասոցիացիայի կազմում են գտնվում 120 000 ներդրողներ և ֆինանսիստներ։

«IFCM Group»-ն ընկերությունների խումբ է, որն ավելի քան 10 տարի զբաղվում է ֆինանսական տեխնոլոգիաների բնագավառում նոր և արդյունավետ նախագծերի մշակմամբ և իրագործմամբ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև