25.11.2015 11:38
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակիցը զբաղեցրեց 3-րդ տեղը Բանկային աշխատողի օրը Երևանի Տ. Պետրոսյանի անվան շախմատի տանը ՀՀ Կենտրոնական բանկի աջակցությամբ կազմակերպված շախմատի ամենամյա առաջնությունում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
Առէկսիմբանկի Վճարային քարտերի վարչության Հաճախորդների աջակցման խմբի մասնագետ Տիգրան Գյոզալյանը զբաղեցրեց պատվավոր երրորդ տեղը: Սա թվով 10-րդ առաջնությունն էր, որին մասնակցում էին ինչպես անվանի մարզիչներ, շախմատի սիրողական միջազգային առաջնության հաղթողներ, այնպես էլ տաղանդավոր երիտասարդներ, շախմատի երկրպագուներ: Այս տարի առաջնությանը մասնակցեց թվով 86 մարդ:
«Ինձ համար մեծ պատիվ է մրցանակային տեղ զբաղեցնել նման բարձր կարգի մրցույթում», - նշեց Տ. Գլոզալյանը Առէկսիմբանկի մամլո ծառայությանը տված հարցազրույցում: «Մասնակցեցի արագ շախմատի անհատական առաջնությանը, որի 8 տուրից 6-ը հաղթեցի, մեկը խաղացի ոչ-ոքի և մեկին էլ ընկավ խաղային ժամացույցի դրոշակը` ժամանակս չբավարարեց»,– ասաց նա։
Տ. Գյոզալյանի խոսքերով` նա շախմատով սկսել է զբաղվել 6 տարեկանից, ունի 1-ին կարգ:
«Մանկուց սիրել եմ շախմատը, խաղացել եմ մեծ շախմատիստների հետ, նույնիսկ աշխարհի չեմպիոն, Հայաստանի շախմատի հավաքականի անդամ կրտսեր Տիգրան Պետրոսյանի հետ: Հետագայում կյանքն այնպես դասավորվեց, որ շախմատն անցավ հետին պլան: Եվ հիմա ես նորից վերադարձել եմ այս խաղի հետաքրքիր ու գեղեցիկ աշխարհը: Ինձ ընդունեցին ու աջակցեցին հայտնի շախմատիստները, և երջանիկ եմ, որ հայտնվել եմ հաղթողների թվում: Հուսով եմ` հաջորդ տարի ոչ միայն կամրապնդեմ արդյունքները, այլև էապես կբարելավեմ այն», - եզրափակեց Գյոզալյանը: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: