«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ–ի պարտատոմսերը կշրջանառվեն NASDAQ OMX Արմենիա բորսայում

02.12.2015 20:02
«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ–ի պարտատոմսերը կշրջանառվեն NASDAQ OMX Արմենիա բորսայում

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ–ի` 1 մլն դոլար և 100 մլն դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակում են անցել NASDAQ OMX Արմենիա բորսայում, հայտարարեց «Գլոբալ կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպության գործադիր տնօրեն Լուիզա Իգրարյանը։

Նա նշեց, որ նոյեմբերի 17–ին «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ–ի պարտատոմսերի առաջին և երկրորդ թողարկումները հաջողությամբ ցուցակվել են, ինչի արդյունքում ընկերությունը գրավել է 1 մլն դոլար և 100 մլն դրամ։

«Պարտատոմսերի թողարկումից ներգրավված միջոցները կուղղվեն ֆինանսական ծառայությունների ծավալների ավելացմանը, այդ թվում` նոր վարկատեսակների մշակմանն ու ներդրմանը, ինչպես նաև ընկերության գործունեության աշխարհագրության ընդլայնմանը», – ասաց նա։

Նրա խոսքով` պարտատոմսերը տեղադրվել են ինչպես նաև ֆիզիկական անձանց` 30 տոկոս, այնպես էլ իրավաբանական անձանց շրջանում` 70 տոկոս։

«Գլոբալ Կրեդիտի» պարտատոմսերի շուկա ստեղծողի գործառույթներն իրականացնում է «ՌԵՆԵՍԱ» ներդրումային ընկերությունը։

Ինչպես նշեց NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանը, «Գլոբալ Կրեդիտի» պարտատոմսերը դարձել են նոր ֆինանսական գործիքներ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների ներդրումների համար, ինչը հերթական քայլ է Հայաստանի արժեթղթերի շուկայի ակտիվացման և զարգացման համար։

«Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ–ն նոյեմբերի 17–ին տեղաբաշխել է իր առաջին անվանական արժեկտրոնային պարտատոմսերը NASDAQ OMX Արմենիայի հարթակում։ Միաժամանակ «Գլոբալ Կրեդիտը» դարձել է Հայաստանի ֆինանսական շուկայի առաջին մասնավոր վարկային կազմակերպությունը, որն իրականացրել է պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իր ծառայությունների նկատմամբ աճող պահանջարկը բավարարելու համար։

Առաջին տրանշով տեղաբաշխվել է 1 մլն դոլարի 10 000 պարտատոմս (GLBLB1) 2 տարի մարման ժամկետով։ Ներկայացված հայտերի համախառն ծավալը կազմել է 1 218 089 դոլար։ Միաժամանակ տեղաբաշխման արդյունքում ընկերությունը գրավել է 1 000 089,25 դոլար։ Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9,495 տոկոս` 9,5 տոկոսանոց սահմանային եկամտաբերությամբ։

Երկրորդ տրանշով տեղաբաշխվել է 100 մլն դրամ համախառն ծավալով 10 000 պարտատոմս (GLBLB2) 12 ամսով։ Ներկայացված հայտերի համախառն ծավալը կազմել է 161,009,000 դրամ։ Միաժամանակ տեղաբաշխման արդյունքում ընկերությունը գրավել է 100,009,000 դրամ։ Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 14.9901 տոկոսը` 15 տոկոսանոց սահմանային եկամտաբերությամբ։

«Գլոբալ Կրեդիտ» ՓԲԸ–ն ունիվերսալ վարկային կազմակերպություն է, որը գրանցվել և ԿԲ–ի կողմից արտոնագրություն է ստացել 2010 թ.–ի հոկտեմբերի 26–ին։ ՎԿ–ի բաժնետերերն են Էդուարդ Մարությանը` 33,3 տոկոս, Արայիկ Կարապետյանը` 28,1 տոկոս, Գագիկ Վարդանյանը` 33,5 տոկոս, Կարեն Դարբինյանը` 5 տոկոս։

ՎԿ–ի ակտիվները 2015 թ.–ի երրորդ եռամսյակում կազմել են 9,7 մլրդ դրամ (12,4 տոկոսի աճ), պարտավորությունները` 8.5 մլրդ դրամ (11,6 տոկոսի աճ), իսկ ընդհանուր կապիտալը` 1,2 մլրդ դրամ (21,4 տոկոսի աճ)։ Միաժամանակ կազմակերպության զուտ շահույթը 2015 թ.–ի երրորդ եռամսյակում կազմել է մոտ 219,5 մլն դրամ` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 66,8 մլն դրամի համեմատ։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև