Հայաստանի բանկերի վարկային ներդրումները Երևանում ավելացել են 6,3%–ով, իսկ մարզերում և ԼՂՀ–ում` 14,3%–ով

04.12.2015 18:36
Հայաստանի բանկերի վարկային ներդրումները Երևանում ավելացել են 6,3%–ով, իսկ մարզերում և ԼՂՀ–ում` 14,3%–ով

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի մարզերում և ԼՂՀ–ում բանկերի վարկային ներդրումների աճի տեմպերը գերազանցել են Երևանում կատարված վարկային ներդրումների աճի տեմպերին, նշվում է ԿԲ–ի «ՀՀ և ԼՂՀ տարածքներում գործող առևտրային բանկերիև վարկային կազմակերպությունների վարկային ներդրումների և ներգրավված միջոցների կազմն ու կառուցվածքն` ըստ մարզերի» վերլուծության մեջ (2014 թ.–ի հունիսից մինչև 2015 թ.–ի հունիս)։

ԿԲ վերլուծության համաձայն` հաշվետու ժամանակահատվածում Երևանում վարկային ներդրումներն աճել են 6.3%-ով (77.8 մլրդ դրամով), իսկ ՀՀ մյուս մարզերում և ԼՂՀ-ում ընդհանուր վարկային ներդրումներն աճել են 14.3%-ով (89.9 մլրդ դրամով):

Այսպիսով, ընդհանուր վարկային ներդրումներում Երևանին հատկացված վարկերի տեսակարար կշիռը նվազել է 1.6 տոկոսային կետով՝ կազմելով 64.8%

Վերլուծության մեջ նշվում է, որ վարկային ներդրումների առավել բարձր աճ է գրանցվել Արագածոտնի մարզում և ԼՂՀ–ում։ Վայոց Ձորում և Սյունիքում վարկային ներդրումների ծավալը կազմել է համապատասխանաբար 29,9, 25, 21,8 և 21,2 տոկոս։

Երևանում վարկերի աճը հիմնականում պայմանավորված է հանրային սննդի և սպասարկման այլ ոլորտների, ինչպես նաև սպառողական և առևտրի ճյուղի վարկավորման աճով: Վերոնշյալ ճյուղերի վարկավորումը ավելացել է համապատասխանաբար 37.2%-ով (կամ 32.4 մլրդ դրամով) 10.7%-ով (կամ23.4 մլրդ դրամով) և 8.2%-ով (կամ 22.6 մլրդ դրամով):

ՀՀ մյուս 10 մարզերում և ԼՂՀ-ում վարկերի աճը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության (հիմնականում հանքագործության) և գյուղատնտեսության վարկերի աճով: Նշված ճյուղերի վարկավորումը (առանց Երևանի) ավելացել է համապատասխանաբար 19.5%-ով (կամ 27.1 մլրդ դրամով) և 21.4%-ով (կամ 21.1 մլրդ դրամով): Արդյունաբերության վարկերի առավել խոշոր աճ է արձանագրվել ԼՂՀ-ում (6.6 մլրդ դրամ), Շիրակի (3.5 մլրդ դրամ) և Արարատի մարզերում (2.0 մլրդ դրամ), գյուղատնտեսության վարկերի խոշոր աճ՝ Կոտայքի (6.3 մլրդ դրամ), Արարատի (3.3 մլրդ դրամ) և Արագածոտնի (3.0 մլրդ դրամ) մարզերում:

Հաշվետու տարում փոքր և միջին բիզնեսին տրամադրված վարկերի ծավալները գրեթե չեն փոփոխվել և կազմել են 507.3 մլրդ դրամ։ Ընդհանուր վարկային ներդրումների կազմում փոքր և միջին բիզնեսին տրամադրված վարկերի տեսակարար կշիռը նվազել է 2.2 տոկոսային կետով և 2015 թ.–ի հունիսի 30–ի դրությամբ կազմել 24.9%։

Վերլուծության տվյալներով` Հայաստանի բանկային համակարգի համախառն վարկային ներդրումները, այդ թվում` ԼՂՀ–ում, 2014 թ.–ի հունիսից 2015 թ.–ի հունիսն ընկած ժամանակահատվածում կազմել են 2 տրիլիոն 40 մլրդ դրամ` ավելանալով 9 տոկոսով (1 դոլարը – 484,43 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև