Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում կտեղաբաշխի բաժնետոմսեր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի հարթակում

11.12.2015 16:43
Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում կտեղաբաշխի բաժնետոմսեր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի հարթակում

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2015թ.-ի դեկտեմբերի 18-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի տեղաբաշխման հարթակում կմեկնարկի Յունիբանկի սովորական անվանական բաժնետոմսերի (UNIB) տեղաբաշխումը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Տեղաբաշխումը կազմակերպվելու է սովորական բաց ստանդարտ աճուրդի ձևով` 2015թ.-ի դեկտեմբերի 18-ից մինչև 2015թ.-ի դեկտեմբերի 24-ը ներառյալ:

««Յունիբանկը» առաջին անգամ Հայաստանում` նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով, իրականացնում է բաժնետոմսերի թողարկում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում: Առաջարկի արդյունքում Յունիբանկը նախատեսում է տեղաբաշխել սովորական դասի 14.5 մլն բաժնետոմս», – նշվում է հաղորդագրության մեջ։

Բաժնետոմսեր թողարկելու որոշումը պայմանավորված է «Յունիբանկի» զարգացման որակապես նոր մակարդակ ապահովելու և իրական ժողովրդական բանկ դառնալու  ռազմավարությամբ:

Բանկի գործունեությունն ուղղված է բանկային ծառայությունների հասանելիության ապահովմանը բնակչության լայն շրջանակների համար և փոքր ու միջին բիզնեսի խթանմանը:

««Յունիբանկը» մշտապես առանձնացել է նաև նոր տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ` ներկայանալով որպես ժամանակակից, նորարարական բանկ: Բանկի կայուն ֆինանսական վիճակը, զարգացման հեռանկարներն ու արդյունավետության մակարդակը, շուկայի դրական արձագանքն ու հասարակության հետաքրքրվածությունը բանկի բաժնետոմսերով մեկ անգամ ևս փաստում են Յունիբանկի հանդեպ հաճախորդների և ներդրողների ունեցած վստահության մասին», – նշվում է հաղորդագրության մեջ։
Բանկի բաժնետոմսերի մարքեթ-մեյկեր է (շուկա ստեղծող) հանդես գալիս «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ն:

«ՄԵՐԿՈՒՐԻ» ամենամյա մրցանակաբաշխությանը «Յունիբանկ» ԲԲԸ-ն լավագույնը ճանաչվեց Հայաստանի «Ժողովրդական բանկ» անվանակարգում:
«Յունիբանկը» դարձել է արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ և ստացել դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորի և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի կարգավիճակ` մատուցելով բաժնետիրական ընկերությունների ռեեստրի վարման և արժեթղթերի պահառության հետ կապված ծառայությունները:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թ.–ի հոկտեմբերին։ 2002 թ.–ին բանկը ներդրեց «Յունիստրիմ» համակարգը։ Բանկի միակ բաժնետերն է «Գլովերի Հոլդինգ Էլ–Թի–Դի»–ն։ 2015 թ.–ից բանկը վերակազմավորվել է` դառնալով բաց բաժնետիրական ընկերություն։ Բանկի ակտիվները 2015 թ.–ի սեպտեմբերի վերջին կազմել են 156 մլրդ դրամ, պարտավորությունները` 135,3 մլրդ դրամ, կապիտալը` 20,7 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 107,6 մլրդ դրամ։ Բանկի շահույթը 9 ամսում կազմել է 761,3 մլն դրամ ($1- 484,79 դրամ)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև