16.12.2015 19:19
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային հատվածի վերաբերյալ Fitch գործակալության 2016 թ.–ի բացասական կանխատեսումն արտացոլում է երկրի տնտեսության ընդհանուր պատկերը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը։
«Հայաստանի բանկային համակարգի հեռանկարներին վերաբերող Fitch–ի նման կանխատեսումը պայմանավորված է ավելի շատ մակրոտնտեսական ցուցանիշներով, քան հատվածում գոյություն ունեցող խնդիրներով», – կարծում է ՀԲՄ նախագահը։
Նրա գնահատմամբ` տնտեսական աճի թույլ տեմպերը չէին կարող չազդել բանկային ոլորտի վրա։ Բացասական գործոնների թվում Ճզմաչյանը, մասնավորապես, առանձնացրեց հակառուսական պատժամիջոցները, որոնք հանգեցրեցին Ռուսաստանից Հայաստան իրականացվող փոխանցումների կրճատմանը, ինչն էլ իր հերթին ազդեց ֆիզիկական անձանց եկամտաբերության վրա և վատացրեց նրանց վճարունակությունը։
ՀՀ ԱՎԾ–ի տվյալներով` Հայաստան իրականացրած մասնավոր փոխանցումները 10 ամսում նվազել են 32,2 տոկոսով, իսկ Ռուսաստանից իրականացրած փոխանցումները կրճատվել են 38 տոկոսով։
Ճզմաչյանը նաև նշեց, որ ֆիզիկական անձանց վարկավորումը մեծ մասնաբաժին է կազմում բանկերի համախառն վարկավորման ծավալում։ Այսպես, ԿԲ–ի տվյալներով, տնային տնտեսությունների վարկավորումը հոկտեմբերին կազմել է 38,6 տոկոս կամ 760,3 մլրդ դրամ։
ՀԲՄ նախագահի խոսքով` դժվարությունների հետ են բախվում նաև կորպորատիվ հաճախորդները, մասնավորապես` արտահանողները։ Քանի որ ռուբլին դոլարի նկատմամբ ավելի շատ է արժեզրկվել, քան դրամը, իսկ դա հանգեցրել է Ռուսաստան իրականացվող հայկական արտահանման կրճատմանը։
«Այս բոլոր գործոններն ազդել են բնակչության վճարունակության վրա, առաջացել են դժվարություններ` կապված վարկերի վերադարձի հետ։ Արդյունքում, բանկային համակարգում ավելացել են չաշխատող վարկերն ու վատացել է առևտրային բանկերի ակտիվների որակը», – պարզաբանեց նա։
Կարգավորիչի տվյալներով` հոկտեմբերին բանկերի համախառն վարկերի ծավալում չաշխատող վարկերի մասնաբաժինը կազմել է 8 տոկոս, այն դեպքում, երբ 2014 թ.–ի հոկտեմբերին այն կազմել է 6,7 տոկոս։ Միաժամանակ «վատ» վարկերն այս տարվա ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում կազմել են մոտ 9 տոկոս։
Բացի այդ, Ճզմաչյանի խոսքով` հայկական տնտեսության վրա լրացուցիչ ճնշում է գործադրել գունավոր մետաղների համաշխարհային գների լուրջ անկումը, որոնք կազմում են Հայաստանի արտահանման մոտ մեկ երրորդը։ «Կարծում եմ` այս արտաքին միտումները կպահանվեն նաև հաջորդ տարի։ Այդ պատճառով Fitch–ի կանխատեսումը բավականին հասկանալի է», – նշեց նա։
Ինչպես կարծում է ՀԲՄ նախագահը, չնայած ստեղծված դժվարություններին, հայկական բանկերը շարունակում են մնալ լիկվիդային։ Դա պայմանավորված է նրանով, որ նրանք վարկ տրամադրելիս դարձել են ավելի կոնսերվատիվ։
«Բանկերը չի դիմում լայնամասշտաբ վարկավորման։ Նրանք հիմա աշխատում են հետևյալ սկզբունքով` ավելի պակաս շահույթ, սակայն ավելի բարձր վերադարձելիության մակարդակ։ Տնտեսության ընդհանուր վիճակը ստիպում է նրանց լինել զգուշավոր վարկավորման ժամանակ և ապահովագրել սեփական ռիսկերը», – պարզաբանեց նա։
Ճզմաչյանը նաև ընդգծեց, որ Fitch–ի կանխատեսման մեջ ամեն ինչ չէ, որ բացասական է։ Մասնավորապես, այն փաստը, որ, ըստ Fitch–ի, հայկական բանկերի արտաքին պարտքի 70 տոկոսը երկարատև վարկերն են, որոնք ներգրավվել են միջազգային ինստիտուցիոնալ կառույցներից և բանկերի հետ կապված ոչ ռեզիդենտներից (մայր բանկեր)։
«Դա թույլ է տալիս բանկերին կրճատել վերաֆինանսավորման ռիսկերը, երկարացնել վարկերը վճարելու ժամկետները։ Լիկվիդայնության հետ կապված վիճակը վերահսկելի է, այդ թվում` ԿԲ–ի վարած քաղաքականության շնորհիվ», – հայտարարեց Ճզմաչյանը։
ԿԲ–ի տվյալներով` Հայաստանի բանկերի ընդհանուր լիկվիդայնության ցուցանիշը հոկտեմբերին կազմել է 27,8 տոկոս, ինչը 15 տոկոսով ավել է նորմատիվային ցուցանիշից։ Միաժամանակ հարկավոր է նշել, որ հայկական դրամի կտրուկ արժեզրկման պատճառով բանկերի լիկվիդայնությունը 2014 թ.–ի նոյեմբերից նվազել է և կազմել մոտ 24–25 տոկոս։
ՀՀ ԿԲ–ի տվյալներով` 2015 թ.–ի 9 ամսվա ընթացքում բանկերի համախառն ակտիվները, տարեսկզբի համեմատ, կրճատվել են 2,1 տոկոսով` հասնելով 3 318,3 մլրդ դրամի, պարտավորությունները` 3,6 տոկոսով` հասնելով 2 807 մլրդ դրամի, վարկային ներդրումները` 4,3 տոկոսով` մինչև 2 074 մլրդ դրամ։ Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում բանկերի կապիտալն ավելացել է 7,2 տոկոսով` հասնելով 511,3 մլրդ դրամի։ Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2015 թ.–ի հունվար–սեպտեմբերին կազմել է 13 129,6 մլն դրամ` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 28 160,4 մլն դրամի համեմատ` կրճատվելով` 53,3 տոկոսով ($1 – 483,66 դրամ)։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: