Մեկնարկեց Յունիբանկի բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացը

18.12.2015 18:26
Մեկնարկեց Յունիբանկի բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Այսօր մեկնարկեց «Յունիբանկ» ԲԲԸ-ի սովորական անվանական բաժնետոմսերի տեղաբաշխումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի տեղաբաշխման հարթակում, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Տեղաբաշխումն անցկացվում է սովորական բաց ստանդարտ աճուրդի ձևով` մինչև 2015թ.-ի դեկտեմբերի 24-ը ներառյալ:

Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում` նախնական հրապարակային առաջարկի` IPO-ի միջոցով իրականացնում է բաժնետոմսերի թողարկում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում:

Առաջարկի արդյունքում բանկը նախատեսում է տեղաբաշխել սովորական դասի 14.5 մլն բաժնետոմս:

«Սովորական բաժնետոմսերն իրենց սեփականատերերին իրավունք են տալիս մասնակցելու թողարկող ընկերության կառավարմանը` տալով ձայնի իրավունք բաժնետերերի ընդհանուր ժողովում: Յունիբանկի գործունեությունն մշտպաես ուղղված է եղել բանկային ծառայությունների հասանելիության ապահովմանը բնակչության լայն շրջանակների համար և փոքր ու միջին բիզնեսի խթանմանը: Ժողովրդական IPO-ի միջոցով Յունիբանկն էլ ավելի է մոտեցնում հաճախորդներին բանկին` վերջիններիս հնարավորություն ընձեռելով դառնալու բանկի բաժնետեր և մասնակցելու բանկի զարգացմանը»,-ասված է հաղորդագրությունում:

Որպես բանկի բաժնետոմսերի մարքեթ-մեյկեր (շուկա ստեղծող) հանդես է գալիս «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ն: Նշենք նաև, որ «Յունիբանկը» դարձել է արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ և ստացել դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորի և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի կարգավիճակ` մատուցելով բաժնետիրական ընկերությունների ռեեստրի վարման և արժեթղթերի պահառության հետ կապված ծառայությունները:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի միակ բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել էբաց բաժնետիրական ընկերության։ Բանկի ակտիվները 2015 թվականի սեպտեմբերի վերջին կազմել են 156 մլրդ դրամ, պարտավորությունները` 135.3 մլրդ դրամ, կապիտալը` 20.7 մլրդ դրամ, վարկային ավանդները` 107.6 մլրդ դրամ։ Բանկի եկամուտն ինն ամիսներին կազմել է 762.3 մլն դրամ ($1- 482,85  դրամ)։  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև