HSBC Բանկ Հայաստանը գնահատել է Չինաստանի հետ Հայաստանի համագործակցության ընդլայնման հեռանկարները

21.12.2015 13:41
HSBC Բանկ Հայաստանը գնահատել է Չինաստանի հետ Հայաստանի համագործակցության ընդլայնման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Չինաստանը Հայաստանի կարևորագույն ներդրումային գործընկերներից է, ասվում է HSBC Բանկ Հայաստանի գլխավոր–գործադիր տնօրեն Թիես Քլեմենցի «Բիզնես հնարավորությունները Չինաստանի նոր տնտեսական իրադրությունում. Հեռանկարներ Հայաստանի համար» թեմայով ուսումնասիրության մեջ։

«Չինաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը վերջին տարիներին էապես ընդլայնվել է: Չինաստանը Հայաստանի կարևորագույն ներդրումային գործընկերներից է, որի ներդրումների ծավալը կազմում է 11 միլիոն ԱՄՆ դոլար», – նշվում է ուսումնասիրության մեջ։

Ըստ հաղորդագրության` Չինաստանը նախատեսում է մեծացնել իր ներդրումների ծավալը Հայաստանում՝ հիմնականում գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի, ինչպես նաև էներգետիկայի և առողջապահության ոլորտներում:

Չինաստանը նաև Հայաստանի առևտրային 2-րդ խոշոր գործընկերն է։ Երկու երկրների միջև առևտրային շրջանառությունը 2014 թ.-ին կազմել է 588.5 միլիոն ԱՄՆ դոլար։

Միաժամանակ դեպի Չինաստան Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալը կազմում է 171 միլիոն ԱՄՆ դոլար և մեծ մասամբ կազմված է հանքային հանածոներից: Չինաստանից Հայաստան ներմուծումը կազմում է 417.5 միլիոն ԱՄՆ դոլար և ավելի դիվերսիֆիկացված է. հագուստ, կոշկեղեն, սարքավորումներ, քիմիական նյութեր, մեքենաներ, շինարարական նյութեր, սնունդ և այլն։

«Հանդիսանալով Բժշկական տուրիզմի ասոցիացիայի անդամ՝ Հայաստանը կարող է ներկայանալ որպես որոշակի բժշկական ծառայություններ և որակյալ բուժում առաջարկող երկիր՝ համեմատաբար մատչելի գներով: Սա նույնպես, երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության հնարավորություն է՝ եթե հաշվի առնենք Չինաստանում առողջապահական ծառայությունների հանդեպ աճող պահանջարկը և Հայաստանում հասանելի բարձրորակ բժշկական սպասարկումը», – նշվում է ուսումնասիրության մեջ։

Տասնամյակներ շարունակվող արագընթաց տնտեսական աճից հետո Չինաստանի տնտեսությունն այժմ առաջ է ընթանում ավելի զուսպ տեմպերով: Չնայած ոչ այդքան արագ աճի տեմպերին, հսկայական ծավալներ ունեցող և աշխարհի երկրորդ տնտեսությունը հանդիսացող այս երկիրը Հայաստանի կարևորագույն ներդրումային գործընկերներից մեկն է:

«Տնտեսական այս «նոր իրավիճակը» նշանակում է, որ Չինաստանի տնտեսությունը կզարգանա ավելի իրատեսական և կայուն տեմպերով՝ շեշտը դնելով ոչ թե աճի արագության, այլ որակի վրա», – նշվում է HSBC Բանկ Հայաստանի ուսումնասիրության մեջ։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև