25.12.2015 15:53
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Յունիբանկ» ԲԲԸ–ն սովորական անվանական բաժնետոմսեր (UNIB) տեղաբաշխեց «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի հարթակում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության, տեղաբաշխումն անցկացվեց սովորական բաց ստանդարտ աճուրդի ձևով` 2015թ.-ի նոյեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 24-ը: Կնքվեց 186 գործարք, որոնց ընթացքում ընդհանուր առմամբ տեղաբաշխվեց 2,454,668,330 ՀՀ դրամ գումարի 10,672,471 հատ հասարակ անվանական բաժնետոմս:
«Բանկը տեղաբաշխման էր ներկայացրել բաժնետոմսերը 100 ՀՀ դրամ անվանական արժեքով, տեղաբաշխման ընթացքում բաժնետոմսի գինը կազմեց 230 ՀՀ դրամ: Հատկանշական է, որ «Յունիբանկ» ԲԲԸ-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որը բորսայում նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացրեց բաժնետոմսերի տեղաբաշխում: Որպես բանկի բաժնետոմսերի մարքեթ-մեյկեր (շուկա ստեղծող) հանդես է գալիս «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ն»,– ասվում է հաղորդագրությունում։
Ինչպես նշում են ընկերությունից, բաժնետոմսեր թողարկելու որոշումը պայմանավորված է «Յունիբանկի»` զարգացման որակապես նոր մակարդակ ապահովելու և իրական ժողովրդական բանկ դառնալու ռազմավարությամբ: Բանկի գործունեությունն ուղղված է բանկային ծառայությունների հասանելիության ապահովմանը բնակչության լայն շրջանակների համար, ինչպես նաև փոքր ու միջին բիզնեսի խթանմանը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ կայուն ֆինանսական վիճակը, զարգացման հեռանկարներն ու արդյունավետության մակարդակը, շուկայի դրական արձագանքն ու հասարակության հետաքրքրվածությունը բանկի բաժնետոմսերով մեկ անգամ ևս փաստում են «Յունիբանկի» հանդեպ հաճախորդների և ներդրողների ունեցած վստահության մասին: «ՄԵՐԿՈՒՐԻ» ամենամյա մրցանակաբաշխությանը «Յունիբանկ» ԲԲԸ-ն լավագույնը ճանաչվեց Հայաստանի «Ժողովրդական բանկ» անվանակարգում:
Հասարակության համար բանկային ծառայություններն ավելի հասկանալի և դյուրին դարձնելու նպատակով, Յունիբանկը ձեռնամուխ եղավ «Ժողովրդական բանկ» նոր հեռուստածրագրի թողարկմանը:
Այսօր «Յունիբանկի» սպասարկման ցանցը ներառում է 45 մասնաճյուղ և 50 պրոմո կետ: Բանկը սպասարկում է ավելի քան 300 հազար հաճախորդի:
2015թ.-ի հունվար-սեպտեմբեր ամսիների տվյալներով, «Յունիբանկը» պետական բյուջե է փոխանցել մոտ 1,7 մլրդ դրամի հարկեր և այդ ցուցանիշով Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 53-րդ տեղը:
2015թ.-ի դեկտեմբերին Moody's Investors Service միջազգային գործակալությունը հաստատեց Յունիբանկի վարկանիշը, կանխատեսումը թողնելով անփոփոխ` կայուն, հայտնում է armbanks.am–ը։
Բանկից նշում են նաև, որ «Յունիբանկը» դարձել է արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ և ստացել դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորի և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի կարգավիճակ` մատուցելով բաժնետիրական ընկերությունների ռեեստրի վարման և արժեթղթերի պահառության հետ կապված ծառայությունները:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: