02.02.2016 19:48
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանը շուտով կարող է դառնալ «Green Card» միջազգային համակարգի անդամ, երեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանն` ամփոփելով Հայաստանում ԱՊՊԱ գործունեության առաջին հինգ տարվա արդյունքները։
«Green Card» կամ «Կանաչ քարտ» համակարգը ավտոքաղաքացիական պատասխանատվության ապահովագրման միջազգային պայմանագիր է (պոլիս)։ Համակարգում ներառված է 47 երկիր։
Ավետիսյանի խոսքով` Green Card համակարգին միանալուց հետո Հայաստանում կնքված ԱՊՊԱ պայմանագրերը կգործեն համակարգի անդամ երկրներում և հակառակը, հայ ապահովագրողները կստանձնեն համակարգի մասնակից երկրների պայմանագրերի սպասարկման պարտավորությունները։
«Այսպիսով, սահմանը հատելիս ինչպես երկիր մտնող, այնպես էլ երկրից դուրս եկող մեքենաների սեփականատերերն այլևս չեն բախվի լրացուցիչ սահմանափակումների հետ», – նշեց նա։
Ավետիսյանն ավելացրեց, որ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն որոշեց 2015 թ.–ի դեկտեմբերից սկսել «Green Card» համակարգին միանալու գործընթացը։
«Համակարգին միանալու գործընթացը տևում է միջինը 1–2 տարի։ 2016 թ.–ի հունվարին մենք գրավոր հայց ենք ուղարկել Green Card–ի բյուրո` Հայաստանի անդամակցության գործընթացը սկսելու համար», – ասաց նա։
Ավտոապահովագրողների բյուրոյի տվյալներով, 2015 թ.–ի վերջին, Հայաստանում ապահովագրված է 457 878 ավտոմեքենա։ ԱՊՊԱ փոխհատուցումներով պայմանագրերի թիվը 5 տարում ավելացել է` 25 313–ից հասնելով 41 203–ի։
Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտը (ԱՊՊԱ) գործում է Հայաստանում 2011թ.–ի հունվարի 1–ից։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: