ՀՀ ԿԲ–ն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 0,25 տ.կ.–ով` սահմանելով այն 8,5%

16.02.2016 18:15
ՀՀ ԿԲ–ն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 0,25 տ.կ.–ով` սահմանելով այն 8,5%

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2016թ. փետրվարի 16-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.5%, հաղորոդւմ է ԿԲ–ի մամուլի ծառայությունը։

2016թ. հունվարին արձանագրվել է 2.2% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 2.5%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը փոքր-ինչ նվազել է՝ ամսվա վերջին կազմելով -0.4%: Գնաճի ցածր մակարդակը գրեթե ամբողջությամբ պայմանավորված է  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գյուղմթերքների գների նվազմամբ և արտաքին հատվածից ներքին գների վրա մասամբ փոխանցված գնանկումային ազդեցությամբ:

Արտաքին հատվածում վերջին շրջանում արձանագրված միտումներն էապես չեն փոխվել. համաշխարհային տնտեսությունն աճել է համեմատաբար դանդաղ տեմպերով, իսկ միջազգային ապրանքային շուկաներում շարունակվել է գների նվազումը:

ԿԲ խորհուրդը գնահատում է, որ այս միտումները կպահպանվեն նաև առաջիկա ամիսներին, ինչը ներքին գների վրա կշարունակի ունենալ գնանկումային ազդեցություն:

2015 թ-ի տնտեսական աճը գնահատվում է 3.2%-ի շրջանակներում, որին հիմնականում նպաստել է գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ճյուղերում գրանցված աճը: Չնայած տարվա ընթացքում Կենտրոնական բանկը և Կառավարությունն իրականացրել են խթանող քաղաքականություններ, այնուամենայնիվ, ներքին պահանջարկը շարունակում է մնալ թույլ:

ԿԲ խորհուրդը գնահատում է, որ կարճաժամկետ հատվածում ՀՀ տնտեսությունից և արտաքին հատվածից գնաճային էական ճնշումներ չեն ակնկալվում, որի ներքո կպահպանվի թույլ գնանկումային միջավայրը: Ներկա տնտեսական իրավիճակում ցածր գնաճը կնպաստի եկամուտների գնողունակության պահպանմանը, ինչպես նաև գնաճային սպասումների աստիճանական նվազմանը:

Այս պարագայում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը: Ընդ որում, դեռևս պահպանվող միջավայր, այնուհետև, պայմանավորված 2015 թ-ից շարունակվող դրամավարկային պայմանների զգալի թուլացմամբ, այն աստիճանաբար կընդլայնվի և կանխատեսվող հորիզոնում կմոտենա նպատակային ցուցանիշին:

Տնտեսական սպասվող զարգացումների, ինչպես նաև արտաքին և ներքին լրացուցիչ ռիսկերի դրսևորման բացակայության պարագայում ԿԲ խորհուրդը հետագայում ևս կշարունակի դրամավարկային պայմանների թուլացումը:

Լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 10% և 7%:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ փետրվարի 26-ին հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2016թ. առաջին եռամսյակի ծրագրում):

ՀՀ ԿԲ–ն վերջին անգամ փոխել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2015 թ.–ի դեկտեմբերի 22–ի նիստի ժամանակ` նվազեցնելով այն 1 տ.կ.–ով` սահմանելով 8,75 տոկոս։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև