Հայաստանում պատահարների ինքնուրույն գրանցման համակարգ կգործի

23.02.2016 17:16
Հայաստանում պատահարների ինքնուրույն գրանցման համակարգ կգործի

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. Այս տարվա մարտից Հայաստանում պատահարների ինքնուրույն գրանցման համակարգ կգործի։

Հայաստանի ավտոապահովագրողների Բյուրոն տեղեկացնում է, որ 2016թ-ի մարտի 4-ից ԱՊՊԱ ոլորտում ներդրվում է մինչև 50.000 դրամի գույքային պահանջներ առաջացնող ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակից վարորդների կողմից ինքնուրույն գրանցման գործընթացը։

«Նոր գործընթացն ենթադրում է, որ այն դեպքում, երբ պատահարի արդյունքում մեղավոր վարորդի նկատմամբ անմեղ վարորդի գույքային պահանջը չի գերազանցում 50.000 դրամը, ապա ԱՊՊԱ պատահարի մասնակից վարորդներն ինքնուրույն՝ առանց ապահովագրական ընկերության և ոստիկանության ներկայացուցչի համաձայնության, լրացնում են համաձայնեցված հայտարարագիրը և պարզեցված ու արագացված ընթացակարգով հատուցում ստանում ապահովագրական ընկերությունից», – նշվում է հաղորդագրության մեջ։

Համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը և դրա լրացման հրահանգը, ինչպես նաև Համաձայնեցված հայտարարագրով դեպքերում կողմերի գործողությունների ուղեցույցը կարելի է գտնել Բյուրոյի կայքում։

Բյուրոն հորդորում է բոլոր վարորդներին և ավտոմեքենաների սեփականատերերին ենք նշված փաստաթղթից մի քանի օրինակ մշտապես պահել ավտոմեքենայում:

Բացի այդ, Հայաստանի ավտոապահովագրողների Բյուրոն տեղեկացնում է, որ 2016թ-ի մարտի 4-ից Ապահովադիրներն ԱՊՊԱ վկայագրերում պարտադիր պետք է նշեն իրենց էլեկտրոնային հասցեները, որոնցով հետագայում որպես Ապահովադիր և տուժող կիրականացվեն ԱՊՊԱ ոլորտում նախատեսված նրանց բոլոր ծանուցումները՝ ներառյալ կապված փորձաքննությունների և հատուցումների հետ:

Նախաձեռնության նպատակն է մեկ տարվա ընթացքում ԱՊՊԱ ոլորտում ամբողջական անցում կատարել միայն Էլեկտրոնային եղանակով ծանուցումների գործընթացին՝ վերջնահաշվում հնարավորություն ստեղծելով ԱՊՊԱ պատահարի բոլոր կողմերին արագ և պատշաճ ստանալ ծանուցումներ, ինչպես նաև ապահովագրական հատուցման գործընթացի տևողությունը կրճատել 5-ից մինչև 10 օրով:

Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման (ԱՊՊԱ) ինստիտուտը գործում է Հայաստանում 2011 թ.–ի հունվարի 1–ից։ ԱՊՊԱ–ի ներդրման պահից ապահովագրված մեքենաների թիվը ավելացել է` 390 266–ից 2015 թ.–ին դառնալով 457 878։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև