Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2015 թ.–ին աճել է 70%–ով

26.02.2016 21:01
Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2015 թ.–ին աճել է 70%–ով

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2015 թ.–ին կազմել է 2 504,1 մլն դրամ` 2014 թ.–ին գրանցված 1 465,7 մլն դրամի դիմաց` ավելանալով 70,8 տոկսով։ Այս մասին են վկայում «ԱՌԿԱ» գործակալության թողարկած «Հայաստանի ապահովագրական ընկերություները» 2015 թ.–ի չորրորդ եռամսյակի տեղեկագրի տվյալները։

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն` Հայաստանում գործող վեց ապահովագրական ընկերություններից երկուսը 2015 թվականն ավարտել են վնասով։ Մասնավորապես, «Ռեսո» ապահովագրական ընկերությունը նախորդ տարվա ընթացքում կրել է 127,4 մլն դրամի վնաս` 2014 թ.–ին գրանցված 84,1 մլն դրամի վնասի համեմատ։ Իսկ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը կրճատել է իր վնասները` 247,7 մլն դրամից հասցնելով 22 մլն դրամի։

Մնացած ընկերությունները 2015 թվականն ավարտել են շահույթով։ Այսպես, ապահովագրական շուկայում զուտ շահույթի մեծությամբ առաջատարը Ռոսգոսստրախ–Արմենիա ընկերությունն է` 1 133,4 մլն դրամ ցուցանիշով` 2014 թ.–ին գրանցված 528,3 մլն դրամի շահույթի դիմաց։

Այնուհետև գալիս է «Նաիրի Ինշուրանսը»` 633,5 մլն դրամ շահույթով (կրկնակի աճ), «Ինգո Արմենիան»` 485 մլն դրամ շահույթով (7,6 տոկոսի աճ), «Արմենիա Ինշուրանսը»` 401,6 մլն դրամ (16,1 տոկոսի աճ)։

Հայաստանի ապահովագրական ընկերությունների ակտիվները 2015 թ.–ին կազմել են 38,8 մլրդ դրամ (2,8 տոկոսի անկում), պարտավորությունները` 22,58 մլրդ դրամ (13 տոկոսի նվազում), կապիտալը` 16,2 մլրդ դրամ (16 տոկոսի աճ)։

2015 թ.–ի վերջի դրությամբ երկրում գործում է 6 ապահովագրական ընկերություն ($1–492.04 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև