17.03.2016 14:54
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի ՀՀ ԿԲ–ի նախաձեռնությամբ հաստատեց «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում նախատեսված փոփոխություններն ու լրացումները, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը։
«Ծրագրում կատարված փոփոխությունների և լրացումների նպատակն է առավել մեծ թվով երիտասարդ ընտանիքների ներգրավել ծրագրում, ովքեր ունեն բնակարանային պայմանների բարելավման կարիք, ինչը կարող է նպաստել ժողովրդագրական խնդիրների լուծմանը», – նշվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, նոր փոփոխությունների նպատակն է ծրագրի հետագա աշխուժացումը, քանի որ վերջին տարվա ընթացքում նկատվել է ծրագրի ներքո երիտասարդ ընտանիքներին տրամադրվող հիփոթեքային վարկերի նվազման միտում:
Նոր փոփոխությունների համաձայն` ավելացվել է ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդների տարիքային սահմանափակման առավելագույն շեմը, այն է՝ երիտասարդ ամուսինների տարիքը սահմանվել է 18-35՝ ներկայիս 18-30-ի փոխարեն,ամուսինների առավելագույն գումարային տարիքը սահմանվել է 65՝ ներկայիս 60-ի փոխարեն:
Ավելացվել է ծրագրի ներքո ձեռքբերվող բնակարանների առավելագույն արժեքը, մասնավորապես, սահմանելով այն 25 մլն ՀՀ դրամ ներկայիս 16 մլն ՀՀ դրամի փոխարեն, ինչը հնարավորություն կընձեռի ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդ ընտանիքներին ունենալ բնակարանի ընտրության ավելի մեծ հնարավորություն:
Բացի այդ, ավելացվել է ծրագրի ներքո ձեռք բերվելիք բնակարանների համար տրամադրվող հիփոթեքային վարկերի առավելագույն գումարը, մասնավորապես, սահմանելով այն 17,5 մլն ՀՀ դրամ՝ ներկայիս 11,2 մլն ՀՀ դրամի փոխարեն:
Միաժամանակ Երևան քաղաքում ևս տրամադրվող հիփոթեքային վարկերի կանխավճարի նվազագույն չափը սահմանվել է ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսը` վարկառուի կողմից այլ բնակելի անշարժ գույք գրավադրելու պայմանով:
«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագիրը, որն արժե 3 մլրդ դրամ, հաստատվել է կառավարության կողմից 2010 թ.–ի հունվարի 29–ին։ Ծրագիրն իրականացվում է «Բնակարան երիտասարդներին» վարկային կազմակերպության միջոցով։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: