ՀՀ ԿԲ–ն ավելի բարձր երաշխիքային վճարներ է սահմանել բանկերի համար

21.03.2016 19:24
ՀՀ ԿԲ–ն ավելի բարձր երաշխիքային վճարներ է սահմանել բանկերի համար

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը լրացում է կատարել «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում։

Ինչպես հայտնում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը, այդ լրացումը հնարավորություն է տալիս ՀՀ կենտրոնական բանկին, կախված բանկի ռիսկայնության մակարդակից, սահմանել ավելի բարձր երաշխիքային վճարներ:

Այս փուլում որպես բանկի գործունեության ռիսկայնության ցուցանիշ Կենտրոնական բանկը համարում է արտարժութային ավանդների ներգրավման նպատակով բանկի կողմից վարվող բարձր տոկոսադրույքային քաղաքականությունը:

Մասնավորապես,  այն բանկերը, որոնք ներգրավում են առավել բարձր տոկոսադրույքով ավանդներ, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին պետք է վճարեն համապատասխանաբար ավելի բարձր երաշխիքային վճարներ:

«Տարբերակված երաշխիքային վճարների կիրառումն առավել արդարացի է դարձնում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի միջոցների ձևավորման գործընթացը»,– ասվում է հաղորդագրությունում։

Ակնկալվում է, որ մի կողմից, տարբերակված երաշխիքային վճարների համակարգի ներդրումը միջնաժամկետ հատվածում կհանգեցնի շուկայում ձևավորված տոկոսադրույքների միջին մակարդակի նվազեցմանը` նպաստելով վարկային ռեսուրսների հասանելիության բարելավմանը, մյուս կողմից, կնպաստի ՀՀ կենտրոնական բանկի կողմից որդեգրված ապադոլարայնացման քաղաքականությանը՝ հանգեցնելով ՀՀ դրամով ավանդների գրավչության բարձրացմանը: -0-

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև