Moody’s-ը նվազեցրել է հայկական երկու բանկերի վարկանիշները

23.03.2016 14:34
Moody’s-ը նվազեցրել է հայկական երկու բանկերի վարկանիշները

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է ՎՏԲ–Հայաստան Բանկի և Արդշինբանկի վարկանիշները, հաղորդվում է գործակալության կայքում։

Գործակալության հաղորդմամբ` բանկերի վարկանիշների նվազումը պայմանավորված է Հայաստանի վարկային պրոֆիլի թուլացմամբ, ինչի մասին վկայում է Moody’s–ի կողմից հանրապետության պետական պարտքի վարկանիշի նվազումը։

Moody’s գործակալությունը մարտի 18–ին իջեցրել է Հայաստանի երկարաժամկետ թողարկողի և առաջնային չապահովված պարտատոմսերի վարկանիշը Ba3-ից`B1, սակայն վարկանիշի կանխատեսումը «Բացասական»–ից դարձել է «Կայուն»։ Moody ‘s գործակալությունը նվազեցրել է նաև արտարժութային բանկային ավանդների վարկանիշների երկարաժամկետ շեմերը B1–ից B2, ազգային արժույթով պարտատոմսերի և ավանդների երկարաժամկետ վարկանիշների շեմը` Ba1–ից Ba2։ Միաժամանակ, արտարժութային պարտատոմսերի և արտարժութային ավանդների կարճաժամկետ շեմերը մնում են անփոփոխ, համապատասխանաբար` Ba2 / NP և NP։

«Դա պայմանավորված է բանկի վարկունակության բազային գնահատականի վարկանիշի նվազմամբ(Baseline Credit Assessment)` Ba3–ից b1, որն իր հերթին արտացոլում է Moody’s–ի վերլուծաբանների կարծիքն այն մասին, որ բանկի վարկունակութան մակարդակը մեծ մասամբ կախված է կառավարությունից», – նշվում է հաղորդագրության մեջ։

Բանկի բոլոր վարկանիշներն ունեն կայուն կանխատեսում և արտացոլում են Արդշինբանկի կայունությունը վարկավորման բարդ պայմանների նկատմամբ և Հայաստանի վարկանիշի կայուն կանխատեսումը։

Միաժամանակ վարկանիշային գործակալությունը նվազեցրել է նաև Արդշինբանկի և ՎՏԲ–Հայաստան Բանկի արտարժույթով դեպոզիտների երկարաժամկետ վարկանիշը` B1–ից դարձնելով B2, ինչին նախորդել է այն, որ գործակալությունը նվազեցրել է Հայաստանի արտարժութային բանկային դեպոզիտների վարկանիշների շեմը։

Moody’s–ի վերլուծաբանների կարծիքով` բանկային վարկանիշները կարող են նվազեցվել, եթե Հայաստանի բացասական վարկային պայմանները հանգեցնեն բանկերի վճարունակության ցուցանիշների խախտման, այսինքն` բանկերի ակտիվների որակի և բանկերի` կապիտալը գեներացնելու ունակության վատացման։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

Բանկի ակտիվները 2015 թ.–ի արդյունքում կազմել են 315,8 մլրդ դրամ, պարտավորությունները` 269,8 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 184,5 մլրդ դրամ, բանկի կապիտալը` 46 մլրդ դրամ։

«Արդշինբանկ» ՓԲԸ–ն (ավելի վաղ` «Արդշինինվեստբանկ», վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ 2014 թվականի նոյեմբերի 31–ին) գրանցվել է 2003 թվականի փետրվարին։ «Արդշինբանկ» ՓԲԸ–ն իր հիմնական ֆինանսական ցուցանիշներով ավանդաբար գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների դիրքում: Ներկայում Բանկի մասնաճյուղային ցանցն իր 55 մասնաճյուղերով խոշորագույններից է հանրապետությունում: Բանկի ակտիվները 2015 թ.–ի արդյունքում կազմել են 401,7 մլրդ դրամ, պարտավորությունները` 351,7 մլրդ դրամ, կապիտալը` 50 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 274,9 մլրդ դրամ ($1 – 480,84 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև