ԿԲ-ի «Իմ ֆինանսների ամիս» ծրագիրն է մեկնարկում Հայաստանում

31.03.2016 16:58
ԿԲ-ի «Իմ ֆինանսների ամիս» ծրագիրն է մեկնարկում Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը հինգշաբթի հայտարարեց «Իմ ֆինանսների ամիս» ծրագիրի մեկնարկի մասին:

«Իմ ֆինանսների ամիս» լայնածավալ միջոցառումների ծրագիրը մեկնարկում է ապրիլի 1-ից: Ծրագիրը, որն անցկացվում է արդեն երրորդ անգամ, նպատակ ունի հանրության շրջանում լուսաբանել անձնական ֆինանսների կառավարման խնդրի կարևորությունը:

«Հայաստանի քաղաքացիները ֆինանսների կառավարման հարցում բախվում են դժվարությունների: Օրինակ, համաձայն «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունները» հետազոտության հարցման արդյունքների` բնակչության գրեթե 45%-ը չի հաշվառում իր եկամուտներն ու ծախսերը, իսկ խնայողություն ունեցողների շուրջ 60%-ը գումարը պահում է տանը», - միջոցառման ընթացքում ասաց ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը:

Նրա խոսքով` ծրագրի իրականացումն ուղղված է լինելու գիտելիքների և հմտությունների բարելավմանը, օրինակ, ինչպես կատարել արդյունավետ խնայողություններ, ծրագրել եկամուտներն ու ծախսերը, խուսափել պարտքի բեռից, ուր և ում դիմել սեփական շահերի պաշտպանման համար, ինչպես խուսափել ֆինանսական զեղծարարություններից:

Հայաստանի ԿԲ սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթության կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում կազմակերպվող միջոցառումների մանրամասները:

«Մասնակիցները «Ֆինանսական շրջագայության» ընթացքում կայցելեն ֆինանսական տարբեր կառույցներ, կմասնակցեն «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի միջհամալսարանական առաջնությանը և տարբեր թեմաներով ֆինանսական բանավեճերի ու սեմինարների», - ասաց Մկրտչյանը:

Նա նշեց, որ ԿԲ-ում, ինչպես նաև Հայաստանի գյուղերում կկազմակերպվեն նաև տարաբնույթ մրցույթներ, ֆինանսական թեմաներով բաց սեմինարներ: Բացի այդ, գրեթե բոլոր մարզերի դպրոցականները «Brain Ring» ֆինանսատնտեսագիտական և այլ խաղերի ընթացքում հնարավորություն կունենան ներկայացնել ֆինանսական գիտելիքները և ձեռքբերումները:

Հայաստանի Բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանն իր հերթին գոհունակությամբ նշեց, որ հետաքրքրությունը «Իմ ֆինանսների ամիս» ծրագրի նկատմամբ տարեցտարի աճում է. ընդ որում` ծրագիրը միջազգային բնույթ է կրում:

«Ծրագրի շրջանակում լայնածավալ միջոցառումները նպատակ ունեն հանրության ուշադրությունը գրավել անձնական ֆինանսների կառավարման խնդրի վրա և բարձրացնել այդ հարցի շուրջ տեղեկացվածության մակարդակը: Ծրագիրը կոչված է ձևավորել մեր բնակչության շրջանում ֆինանսական ծառայություններից ճիշտ օգտվելու մշակույթ», - ասաց Ճզմաչյանը:

Նրա խոսքով` խնայողությունները ստեղծում են անվտանգության և ապահովվածության զգացում, ուստի` կարևոր է այն, որ ծրագրի շրջանակում անցկացվող միջոցառումները հասանելի լինեն բնակչության հենց այն շերտերին, որոնք լավ չեն տեղեկացված բանկերի ծառայությունների և արտադրանքների հարցում։

«Ծրագիրը կրում է ոչ այդքան տեսական, որքան կիրառական բնույթ: Միջոցառումները նվիրված կլինեն չորս հիմնական թեմաների` ֆինանսները երեխաների համար, պարտքի կառավարում, ապահովագրություն, խնայողություններ: Հայաստանի բանկերը հանրությանը կներկայացնեն իրենց հատուկ առաջարկները, խորհուրդները` միջոցների ճիշտ խնայման և կառավարման վերաբերյալ», - ասաց Ճզմաչյանը:

Նա հույս է հայտնել, որ ծրագրի իրականացումը թույլ կտա բարձրացնել Հայաստանի քաղաքացիների ֆինանսական տեղեկացվածության մակարդակը, առաջին հերթին նրանց, ովքեր նոր են մտնում ակտիվ կյանք:

«Իմ ֆինանսների ամիս» ծրագիրը կավարտվի ապրիլի 30-ին: Այն իրականացնում են Հայաստանի Կենտրոնական բանկը, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը, Հայաստանի ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, Հայաստանի բանկերի միությունը, Ապահովագրական շուկայի մասնակիցների միությունը, Երևանի Քաղաքապետարանը, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն, NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսան, «Հայաստանի պատանեկան նվաճումները» ԲԲԸ–ն, Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնը, Գերմանական խնայբանկերի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությունը, մի շարք առևտրային բանկեր, Հայաստանի վարկային կազմակերպություններ և ապահովագրական ընկերություններ: -0-

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև