ՀՀ ԿԲ–ն ֆինանսական դերիվատիվների մասին օրենսդրություն է մշակում

07.04.2016 12:09
ՀՀ ԿԲ–ն ֆինանսական դերիվատիվների մասին օրենսդրություն է մշակում

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը ֆինանսական դերիվատիվների մասին օրենսդրություն է մշակում, տեղեկացրեց ՀՀ–ում ԱՄՀ–ի մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը` մեկնաբանելով երկրում արժութային հեջավորման ռիսկերի ներդրման հնարավորությունը։

Նրա խոսքով` այս ծրագիրն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ։ «Հուսանք, որ մինչև տարեվերջ փաստաթուղթը կներկայացվի ԱԺ–ի քննարկմանը», – ասաց Սանչեսը։

Նա ավելացրեց նաև, որ արժութային հեջավորման գործիքի ներդրման հարցը բազմաթիվ անգամ քննարկվել է Հայաստանում։ «Հեջավորումը կարևոր դեր է խաղում փոխարժեքի փոփոխականութունից պաշտպանվելու հարցում։ Զարգացած երկրների մեծ մասում հենց այս գործիքի շնորհիվ է, որ մարդիկ շատ չեն վախենում արժույթի տատանումից», – ասաց ԱՄՀ–ի մշտական ներկայացուցիչը։

Սանչեսն ավելացրեց, որ Հայաստանում դեռ չկա օրենսդրական բազա նման գործարքների համար և լուծված չէ հարկման խնդիրը։ ԱՄՀ–ի մշտական ներկայացուցչի խոսքով` հարկավոր է նաև բարձրացնել իրազեկվածությունն այս հարցում։ «Մարդիկ դեռ պետք է գիտակցեն, որ անհրաժեշտ է ծախսել որոշակի գումար` արժույթի փոփոխականությունից պաշտպանվելու համար», – ասաց նա։–0–

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև