14.04.2016 14:07
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./ԱՌԿԱ/. Արտերկրից Հայաստան իրականացվող ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները 2015 թ.–ին կազմել են ՀՆԱ–ի 19,2 տոկոսը, նշվում է Համաշխարհային բանկի «Միգրացիա և զարգացում» զեկույցում։
ՀԲ զեկույցի համաձայն` 2015թ.–ին Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներ ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է 34,6 մլրդ դոլար, ինչը 20,3 տոկոսով պակաս է 2014 թ.–ի ցուցանիշից։ Հատկապես շատ տուժեցին Տաջիկստանը և Ուկրաինան։ Կենտրոնական Ասիայի արժութային շուկայում ձևավորվել է մի իրավիճակ, որը պայմաններ է ստեղծում դրամական փոխանցումների «ոչ պաշտոնական» հոսքերի համար։
«Ռուսաստանում գրանցված հզոր ռեցեսիան ստիպեց Կենտրոնական Ասիայի որոշ միգրանտների վերադառնալ հայրենիք։ Տաջիկ միգրանտների թիվը Ռուսաստանում 2015 թ.–ին նվազել է 3,8 տոկոսով` հասնելով 862 հազարի, ուզբեկների թիվը` 18,6 տոկոսով` հասնելով 1,8 միլիոնի։ Տաջիկստանը, որը շատ է կախված դրամական փոխանցումներից, մեծ դժվարություններ ունի։ Տնային տնտեսությունների մասնաբաժինը, որն ի վիճակի է գնել բավարար չափով սնունդ, մայիսին 67 տոկոսից նվազել է` հասնելով 60 տոկոսի», – նշվում է զեկույցում։
Տաջիկստանում արտերկերից ֆիզիկական անձանցից ստացվող դրամական փոխանցումները կազմում են ՀՆԱ–ի 36,6 տոկոսը, Ղրղըզստանում` 30,3 տոկոսը, Մոլդովայում` 26,2 տոկոսը, Հայաստանում` 19,2 տոկոսը, հաշվարկել են ՀԲ–ի տնտեսագետները։
Ռուսական տնտեսության վիճակի լավացման և ռուբլու փոխարժեքի կայունացման ֆոնին այս ցուցանիշը, ըստ կանխատեսումների, 2016 թ.–ին կավելանա 5,1 տոկոսով։ 2014 թ.–ի IV եռամսյակում, 2015 թ.–ի IV եռամսյակի համեմատ, դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքը նվազել է 42 տոկոսով։ Բացասական ազդեցությունը կրկնակի էր, նշում են տնտեսագետները, քանի որ ԱՊՀ երկրների արժույթները թուլացան նաև ռուբլու նկատմամբ։ Ուզբեկստանում դոլարի փոխարժեքը «սև շուկայում» կրկնակի ավել է պաշտոնական ցուցանիշից, ինչը պայմաններ է ստեղծում ոչ պաշտոնական ալիքներով դրամական հոսքերի ավելացման համար։
«Կենտրոնական Ասիայի որոշ երկրներում, օրինակ` Տաջիկստանում, արտարժույթի պակասը հանգեցնում է նրան, որ պահանջվում է, որպեսզի ռուբլով իրականացված փոխանցումները կանխիկացվեն տեղական արժույթով, չնայած դոլարի և եվրոյի նկատմամբ այս կանոնը չի կիրառվում։ Նման պահանջները ևս մի պատճառ են ոչ պաշտոնական ալիքներով դրամական փոխանցումներ կատարելու համար», – նշում են ՀԲ–ի տնտեսագետները։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: