22.04.2016 16:50
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը 2016 թ.–ի փետրվարին մոտ 113 մլրդ դրամ ներդրել են շինարարության հատվածում, ինչը 0,1 տոկոսով ավել է հունվարի ցուցանիշից, նշվում է ՀՀ ԿԲ 2016 թ.–ի փետրվարի ամենամսյա տեղեկագրում։
Միաժամանակ փետրվարին շինարարության համար նախատեսված վարկերը տրամադրվել են հիմնականում արտարժույթով` 70,3 տոկոս։ Այսպիսով, շինարարության համար արտարժույթով տրամադրված վարկերի ծավալը փետրվարին կազմել է ավելի քան 87,1 մլրդ դրամ, ինչը հունվարի ցուցանիշից ավել է 6 տոկոսով։
Միաժամանակ շինարարական ոլորտում դրամով կատարված վարկային ներդրումների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1,6 մլրդ դրամ` փետրվարի ընթացքում կրճատվելով 0,5 տոկոսով։
Բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարության ոլորտում կատարված վարկային ներդրումների ծավալը փետրվարի վերջին կազմել է 71,5 մլրդ դրամ` հունվարին գրանցված 66,7 մլրդ դրամի համեմատ, իսկ ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների շինարարության համար տրամադրված վարկային ներդրումները կազմել են 15,9 մլրդ դրամ` 15,7 մլրդ դրամի համեմատ։
ԿԲ–ի տվյալներով` Հայաստանում այսօր գրանցված է 21 առևտրային բանկ ($1 – 479,37 դրամ)։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: