28.04.2016 13:27
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./ԱՌԿԱ/. Ապրիլի 26-ին ՀՀ Կենտրոնական Բանկը հաստատեց «Ինեկոբանկ» ՓԲԸ և «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ ընկերությունների միջև կնքված միացման պայմանագիրը, հաղորդում է Ինեկոբանկի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` երկու բանկերի միացման գործընթացը սկսվել էր 2015թ. դեկտեմբերից՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ կողմից «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի՝ «ՊրոԿրեդիտ» միջազգային հոլդինգին պատկանող բաժնետոմսերի 100%-ը ձեռք բերելու մասին երկկողմ համաձայնագրի ստորագրմամբ:
2016թ.–ի մայիսից միացյալ բանկը հանդես կգա «Ինեկոբանկ» բրենդի ներքո: Երկու բանկերի ուժեղ կողմերի ինտեգրացիայի շնորհիվ Ինեկոբանկը ձեռք բերեց ավելի բարձրակարգ մասնագետներ, արդյունավետ ներքին գործընթացներ և գրավիչ պրոդուկտներ:
Ինեկոբանկն արդեն 2-րդ տարին անընդմեջ, հանդիսանալով հայաստանյան բանկերի մեջ բացարձակ առաջատարը կապիտալի և ակտիվների շահութաբերության ցուցանիշներով, ՊրոԿրեդիտ բանկի ձեռք բերումից հետո գրանցեց լուրջ հաջողություններ մի շարք ուղղություններով ևս:
«Միավորման առաջին իսկ արդյունքն եղավ Միկրո և ՓՄՁ ոլորտում շուկայի բացարձակ առաջատարի դիրքը զբաղեցնելը, ինչը հիմք ստեղծեց մատուցվող ծառայությունների որակն էականորեն բարելավելու համար, այդ թվում՝ մասնաճյուղային ավելի լայն ցանցի միջոցով», – նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Տարոն Գանջալյանը:
Բանկերի կայունության և արդյունավետության ավելացման նպատակով ՀՀ ԿԲ–ն որոշում ընդունեց 2017 թ.–ի հունվարի 1–ից ավելացնել առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը` ներկա 5 մլրդ դրամից դարձնելով 30 մլրդ դրամ։
«Ինեկոբանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1996 թ.–ի փետրվարի 7–ին։ Բանկի բաժնետոմսերը մինչև ՎԶԵԲ–ի կողմից 22,7 տոկոսի ձեռքբերումը բաշխված էին հետևյալ կերպ` Բալոյան Ա.` 35,23 տոկոս, Սաֆարյան Կ.` 30,34 տոկոս, DEG Deutsche Investitions-und Entwicklungsgesellschaft mbH`12,58 տոկոս, IFC (Միջազգային ֆինանսական կորպորացիա)` 9,32 տոկոս։ Գործարքից հետո երկու գլխավոր բաժնետերերը կունենան բաժնետոմսերի մոտ 50 տոկոսը։
2016 թ.–ի առաջին եռամսյակի արդյունքում բանկի ակտիվները կազմել են 217,5 մլրդ դրամ, պարտավորությունները` 175,4 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը` 42,1 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը` 22,3 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 153,8 մլրդ դրամ։ Բանկի զուտ շահույթը 2016 թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 1,2 մլրդ դրամ ($1- 479, 38 դրամ)։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: