29.04.2016 12:21
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Իմ ֆինանսների միամսյակ 2016» ծրագրի շրջանակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի աշխատակիցները այցելեցին Արմավիրի մարզի Նորավան և Լուկաշին համայնքների դպրոցները, որտեղ բարձր դասարանների աշակերտների համար անցկացվեցին բաց դասեր «Հայաստանի ֆինանսական համակարգը» թեմայով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում բանկի աշխատակիցները պատմեցին Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի, բանկային ոլորտի մասին, մանրամասն կանգ առան բանկերի կողմից մատուցվող մի շարք ծառայությունների տեսակների վրա, ինչպիսիք են` միջազգային դրամական փոխանցումները, վճարային քարտերը, վարկերը, ավանդները, ինչպես նաև պատասխանեցին մասնակիցների բազմաթիվ հարցերին: Միջոցառմանը ներկա էին նաև նշված դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները, որոնք նույնպես մասնակցեցին հարց-պատասխանին:
«Լսարանը մեծ ոգևորությամբ արձագանքեց թեմային, հնչեցին մի շարք հետաքրքիր հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: Նշենք, որ երեխաները առավելագույնս հետաքրքրված էին վճարային քարտերով և վարկային պրոդուկտներով», - նշել է Առէկսիմբանկի Անձնակազմի զարգացման բաժնի պետ Գայանե Մաթևոսյանը:
«Երեխաները նոր տեղեկություններ ստացան մեր երկրի ֆինանսական ու բանկային համակարգի մասին: Շատ բավարարված ենք հանդիպման արդյունքներով: Հուսով ենք` դրանք կդառնան ավանդական և կկրեն շարունակական բնույթ», - ավելացրել է Մաթևոսյանը:
Առաջիկայում բանկը նախատեսում է ևս մեկ հանդիպում Երևանի դպրոցներից մեկի աշակերտների հետ:
«Իմ ֆինանսների միամսյակը» ծրագիրը ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ անցկացվում է արդեն մի քանի տարի: Դրա հիմնական նպատակն է բարձրացնել Հայաստանի քաղաքացիների շրջանում ֆինանսական գրագիտության և տեղեկացվածության մակարդակը, ինչպես նաև ծանոթացնել երկրի ֆինանսական հաստատությունների կողմից առաջարկվող ծառայություններին և պրոդուկտներին:
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնադրվել է 1998 թ.–ին։ Բանկը «Գազպրոմբանկ» խոշորագույն ռուսական բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: