Անելիք Բանկի դեպոզիտային պորտֆելը 2015թ. աճել է 7% -ով` մինչև 45 մլրդ. դրամ

03.05.2016 14:55
Անելիք Բանկի դեպոզիտային պորտֆելը 2015թ. աճել է 7% -ով` մինչև 45 մլրդ. դրամ

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ դեպոզիտային պորտֆելը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է շուրջ 7 տոկոսով՝ կազմելով 45 մլրդ ՀՀ դրամ, հաղորդում է Բանկի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, այստեղ զգալի մասնաբաժինը ֆիզիկական անձանցից ներգրաված ժամկետային ավանդային պորտֆելի ծավալն է` 42 մլրդ ՀՀ դրամ, ինչը նշանակում է 16% աճ՝ նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ:

Միաժամանակ, 6%-ով ավելացել է ընդհանուր վարկային պորտֆելը՝ հասնելով շուրջ 63 մլրդ ՀՀ դրամի։

Ընդ որում, այստեղ նույնպես նկատելիորեն մեծ է ֆիզիկական անձանց տրամադրված վարկային պորտֆելը՝ շուրջ 30 մլրդ ՀՀ դրամ, ինչը 20%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

«Անելիք Բանկ» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանի խոսքով, 2015 թվականն Անելիք Բանկը փակել է բավականին լավ ցուցանիշներով՝ ավելացնելով թե՛ դեպոզիտային, թե՛ վարկային պորտֆելները:

Նա նշել է, որ ժամկետային ավանդների պորտֆելի զգալի աճը պայմանավորված է ինչպես նոր ավանդատուների թվի ավելացմամբ, այնպես էլ գործող ավանդների ծավալների մեծացմամբ:

«Հպարտությամբ պետք է ասեմ, որ մեր ավանդային պրոդուկտները մեծ պահանջարկ ունեն բնակչության շրջանում` շնորհիվ առաջարկվող դինամիկ և շահավետ պայմանների։ Հատկապես ուրախալի է ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդների ծավալի աճը, ինչը վկայում է Բանկի նկատմամբ հաճախորդների վստահության աճի մասին»,- նշել է նա։

«Անելիք բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի 100 տոկոս բաժնետերը լիբանանյան CreditBank–ն է։ -0-

 

 


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև