Ամերիաբանկի ջերմոցային տնտեսությունների ֆինանսավորման ծրագիրն արժանացել է ՎԶԵԲ-ի մրցանակին

13.05.2016 18:08
Ամերիաբանկի ջերմոցային տնտեսությունների ֆինանսավորման ծրագիրն արժանացել է ՎԶԵԲ-ի մրցանակին

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկի ջերմոցային տնտեսությունների վարկավորման ծրագիրն արժանացել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) «Տարվա գործարք` էներգաարդյունավետություն» մրցանակին (“Deal of the Year – Energy Efficiency”), լրագրողներին ուրբաթ ասաց Ամերիաբանկի գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը։

«Մենք յուրահատուկ նշանակություն ենք տալիս այս նախագծին, քանի որ ջերմոցային տնտեսությունը մեր ռազմավարական ուղություններից մեկն է և թույլ է տալիս բարձրացնել տնտեսության կարևորագույն ոլորտներից մեկի` գյուղատնտեսության անկախությունը եղանակային պայմաններից` ողջ տարի ապահովելով արտադրության կազմակերպում», - ասաց Թառումյանը:

Նա նշեց, որ Ամերիաբանկը 2015 թ.-ին «Ալտերնատիվ էներգիա» ՍՊԸ-ի համար թողարկել է երկու ակրեդիտիվ, որոնք հաստատվել և ֆինանսավորվել են Կոմերցբանկի կողմից` ՎԶԵԲ-ի երաշխավորությամբ: Ընդ որում, Նիդեռլանդների զարգացման բանկը (FMO) նույնպես մասնակից է եղել այս գործարքին` ծածկելով քաղաքական և վճարման ռիսկերի որոշակի մասը: Նախագծի ամբողջ արժեքը կազմել է 2,3 մլն ԱՄՆ դոլար, որից 1,91 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորումն իրականացվել է Ամերիաբանկի կողմից թողարկված ակրեդիտիվների միջոցով:

Թառումյանի խոսով, ստացված ֆինանսավորման շնորհիվ «Ալտերնատիվ էներգիա» ընկերությունը Չեխիայից ձեռք է բերել էներգախնայող բարձրակարգ սարքավորումներ, որոնք հնարավորություն են ընձեռում մեկ տարվա ընթացքում տնտեսելու 390,000 ԱՄՆ դոլարի էներգիա սովորական սարքավորումներով աշխատող ջերմոցային ընկերությունների համեմատությամբ, ինչպես նաև կրճատելու բնական գազի օգտագործումը 1,950,000 մ³-ի չափով:

«Արդիական բարձրակարգ սարքավորումների օգտագործման շնորհիվ ընկերությունը հնարավորություն է ստանում ձեռք բերել մրցակցային առավելություններ ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկաներում», - ասաց Թառումյանը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ` բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով։ Այն Հայաստանում գործող առաջին ներդրումային բանկն է, որը 2007 թ.–ից տրամադրում է ներդրումային բանկային ծառայությունների լայն շրջանակ։

Բանկի ակտիվները 2016 թ.–ի առաջին եռամսյակի վերջում կազմել են 507,7 մլրդ դրամ, պարտավորությունները ` 447 մլրդ դրամ, կապիտալը` 60,6 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 330,4 մլրդ դրամ, զուտ շահույթը` 1 195,8 մլն դրամ ($1 - 479,34 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև