ՀՀ ԿԲ–ն 0,5 տ.կ.–ով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` մինչև 7,75 տոկոս

17.05.2016 17:57
ՀՀ ԿԲ–ն 0,5 տ.կ.–ով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` մինչև 7,75 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշել է 0,5 տ.կ.–ով նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 7,75 տոկոսի չափով, հաղորդում է ԿԲ–ի մամուլի ծառայությունը։

2016 թ. ապրիլին արձանագրվել է 0.3% գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.4%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա վերջին կազմել է -1.9%:

Համաշխարհային տնտեսությունը շարունակում է աճել դանդաղ տեմպերով, սակայն ներկայումս միջազգային ապրանքային շուկաներում գնանկումային միտումները փոխարինվել են հարաբերական կայունությամբ: Այդուհանդերձ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին դեռևս կշարունակվի արտաքին աշխարհի գնանկումային ազդեցության փոխանցումը ներքին գներին՝ չեզոքանալով ընթացիկ տարվա երկրորդ կեսին:

Խորհուրդն արձանագրում է, որ հունվար-մարտին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ-ում արձանագրվել է տնտեսական ակտիվության զգալի ավելացում, որը պայմանավորվել է հիմնականում արդյունաբերության և ծառայությունների ոլորտներում՝ սպասվածից ավելի դրական զարգացումներով:

Դրական միտումներ են արձանագրվում նաև ներքին պահանջարկում՝ արտացոլելով նախորդ ամիսների ընթացքում Կենտրոնական բանկի և Կառավարության կողմից իրականացրած խթանող քաղաքականության ազդեցությունը:

Ընդ որում, նշված ժամանակահատվածում ՀՀ տնտեսության արտահանելի հատվածն ընդլայնվել է և արձանագրել աճի բարձր տեմպեր: Վերոնշյալ զարգացումներից ելնելով՝ ԿԲ սպասումները 2016 թ. տնտեսական աճի վերաբերյալ ճշգրտվել են աճի ուղղությամբ:

Միաժամանակ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ գնաճային սպասումները նվազել են՝ ԿԲ վարած հետևողական դրամավարկային քաղաքականության արդյունքում: Քաղաքականության ազդեցության գործոնին ներկայումս ավելացել է նաև բնական գազի սակագնի սպասվող իջեցման գործոնը, որի հիման վրա էլ Խորհուրդը նպատակահարմար է գտնում դրամավարկային պայմանների ավելի մեծ քայլով թուլացումը:

Նման քաղաքականության արդյունքում գնաճային միջավայրը 2016 թ. երկրորդ կեսից աստիճանաբար կընդլայնվի և կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կվերադառնա նպատակային ցուցանիշին:

Տնտեսական սպասվող զարգացումների, ինչպես նաև արտաքին և ներքին լրացուցիչ ռիսկերի դրսևորման բացակայության պարագայում ԿԲ խորհուրդը հետագայում ևս կշարունակի դրամավարկային պայմանների թուլացումը:

Լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 9.25% և 6.25%:

ԿԲ–ն վերջին անգամ փոխել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2016 թ.–ի մարտի 29–ին` նվազեցնելով այն 0,25 տոկոսային կետով և սահմանելով 8,25 տոկոսի չափով։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև