Հայաստանի եվրոպարտատոմսերը պահպանել են կայունությունը, չնայած Ղարաբաղում գրանցված իրավիճակը սրմանը

25.05.2016 13:45
Հայաստանի եվրոպարտատոմսերը պահպանել են կայունությունը, չնայած Ղարաբաղում գրանցված իրավիճակը սրմանը

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. 2016 թվականի ապրիլի 2-5-ը արցախա-ադրբեջանական սահմանին լարվածության աննախադեպ աճի հետևանքով ՀՀ 4 տարի ժամկետայնությամբ եվրոպարտատոմսի եկամտաբերությունն աճել է 23 բազիսային կետով, ինչը համահունչ է ՀՀ եվրոպարտատոմսի եկամտաբերության առօրյա բնականոն փոփոխություններին, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ:

Ապրիլի 5–ին Bloomberg գործակալությունը նշել է, որ մինչև 2020 թվական մարման ժամկետով հայկական եվրոպարտատոմսերի գինը նվազել է մարտական գործողությունների երկրորդ օրը, իսկ դրանց եկամտաբերությունն աճել է 16 կետով` հասնելով 6,52 տոկոսի։

ՀՀ ԿԲ–ի համաձայն` ինչպես բոլոր եվրոպարտատոմսերի, այնպես էլ ՀՀ եվրոպարտատոմսերի եկամտաբերությանը բնորոշ է որոշակի տատանողականություն, որն արդյունք է ներդրողների կողմից ռիսկի գործոնների նկատմամբ դրսևորած արձագանքի։

ՀՀ եվրոպարտատոմսն ունի նաև առօրյա բնականոն տատանումներ, որոնք գործնականում չափվում են ստանդարտ շեղման ցուցանիշի միջոցով: Վերջինս իրենից ներկայացնում է միջինի նկատմամբ միջին օրական փոփոխության բացարձակ մեծությունը և 4 տարի ժամկետայնության ՀՀ եվրոպարտատոմսի օրական շարքերի համար կազմում է 65 բազիսային կետ:

Միաժամանակ ԿԲ–ն նշում է, որ նախկինում սահմանային լարվածության միջադեպերը ՀՀ եվրոպարտատոմսի վրա ունեցել են առավել նշանակալի ազդեցություն։

Այսպես, ըստ ԿԲ–ի, 2014 թվականի օգոստոսի 1-5-ին հայ ադրբեջանական սահմանին լարվածության աճին ՀՀ եվրոպարտատոմսն արձագանքել է 74 բազիսային կետով,

2014 թվականի նոյեմբերի 12-ին հայկական ուղղաթիռի խոցման հետևանքով լարվածության աճին՝ 33 բազիսային կետով, 2015 թվականի օգոստոսի 6-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանը Արցախն ուժով հետ վերադարձնելու վերաբերյալ՝ 41 բազիսային կետով, 2015 թվականի սեպտեմբերի վերջին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին՝ 43 բազիսային կետով:

«Սկզբնական շրջանում ՀՀ եվրոպարտատոմսի արձագանքը սահմանային լարվածության միջադեպերին եղել է ավելի կտրուկ, սակայն ժամանակի ընթացքում ներդրողների կողմից տարածաշրջանային իրադարձությունների և ռիսկերի առավել մանրամասն ուսումնասիրության արդյունքում շուկայի արձագանքը նմանատիպ իրադարձություններին դարձել է առավել հավասարակշռված», – նշում են ԿԲ–ից։

Հատկանշական է, որ տարվա սկզբից ՀՀ եվրոպարտատոմսերի եկամտաբերությունները, ինչպես նաև ՀՀ դրամով պետական պարտատոմսերի եկամտաբերությունները, անկախ ապրիլյան դեպքերից, նվազել են:

Հայաստանն այսօրվա դրությամբ իրականացրել է եվրոպարտատոմսերի երկու թողարկում։ Առաջինն իրականացվել է 2013 թ.–ի սեպտեմբերի 19–ին, երբ թողարկվեցին 700 մլն դոլարի եվրոպարտատոմսեր` 6% տարեկան եկամտաբերությամբ և 7 տարի մարման ժամկետով (մինչև 2020 թ.–ի մարտի 30–ը)։ Միաժամանակ, այս պահին առաջին թողարկումից շրջանառության մեջ են գտնվում 500 մլն դոլար պարտատոմսեր, քանի որ ՀՀ ֆինանսների նախարարությունը գնել է 200 մլն դոլարը։ Երկրորդ թողարկումն իրականացվել է 2015 թ.–ի մարտի 26–ին` 500 մլն դոլար ծավալով և 7,15 տոկոս եկամտաբերությամբ, 10 տարի մարման ժամկետով (մինչև 2025 թ.–ի մարտի 26–ը)։

ՀՀ ԿԲ–ի տվյալներով` հայկական եվրոպարտատոմսերով երկրորդային շուկայում իրականացված գործարքների ծավալը 2015 թ.–ին կազմել է 110,36 մլն դոլար` 6,46 տոկոս միջին եկամտաբերությամբ։ Միաժամանակ 2015 թ.–ի սկզբին հայկական պարտատոմսերը հիմնականում թանկացել են, եկամտաբերությունը տատանվել է 6–6,4 տոկոսի սահմանում, իսկ տարեվերջին արժեզրկվել են` հասնելով 7 տոկոսի։ 2016 թ.–ի սկզբին, հանրապետությունում դոլարի փոխարժեքի աճի ֆոնին, պարտատոմսերի արժեզրկման միտումը դեռ շարունակվում էր` 7 տոկոսի մակարդակում։ Սակայն մարտին, ազգային արժույթի ամրապնդման պայմաններում, եվրոպարտատոմսերը սկսեցին թանկանալ, դրանց միջին եկամտաբերությունը կազմեց 6,44 տոկոս։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև