ՀՀ բանկային համակարգն ի վիճակի է կլանել հնարավոր ռիսկերը. ԿԲ

27.05.2016 20:29
ՀՀ բանկային համակարգն ի վիճակի է կլանել հնարավոր ռիսկերը. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի անցկացրած սթրես–թեստերի արդյունքները վկայում են այն մասին, որ Հայաստանի բանկային համակարգն ի վիճակի է կլանել հնարավոր ռիսկերը, ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը։

«2015թ. ընթացքում բանկային համակարգի իրացվելիությունը և կապիտալացվածությունը բնութագրող ցուցանիշները բարելավվել են: Բացի այդ, Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է պահպանել կայունությունը և բավարար ճկունությունը հնարավոր ռիսկերը հաղթահարելու համար»,– ուրբաթ ասաց նա լրագրողներին` ներկայացնելով «Ֆինանսական կայունության հաշվետվությունը, 2015 թ.»։

Գրիգորյանի խոսքով, ՀՀ կենտրոնական բանկը, առաջնորդվելով ֆինանսական կայունության և ռիսկերի նկատմամբ ֆինանսական համակարգի ճկունության բարձրացման նպատակով, կիրառել է իրացվելիության կարգավորմանը և վարկային ռիսկի զսպմանն ուղղված համապատասխան գործիքներ:

«Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի բարձրացման պահանջի ներքո 2015թ. ընթացքում բանկային համակարգը 74 մլրդ դրամով համալրել է կանոնադրական կապիտալը: Վերջինս այլ հավասար պայմաններում ենթադրում է ապագայում բանկերի կողմից վարկավորման ծավալների աճի հնարավորություն, երկարաժամկետ հորիզոնում՝ հավանական ռիսկերին դիմակայելու համար լրացուցիչ ապահովվածության առկայություն»,– ասաց նա։

Խոսելով Հայաստանի ֆինանսական համակարգի հիմնական մարտահրավերների մասին` վարչության պետը նշեց, որ նախորդ տարի դրանք կապված են եղել արտաքին գործոնների հետ, որոնց բացասական սալդոն 2014 թվականի համեմատ աճել է։

«Արտաքին հատվածից փոխանցված բացասական գործոնների և ՀՆԱ աճի տեմպի դանդաղման միտումների շարունակական պահպանումը հանգեցրել են ֆինանսական հատվածում չաշխատող ակտիվների որոշակի աճի»,– ասաց նա։

Այդ կապակցությամբ Գրիգորյանն ավելացրեց, որ ֆինանսական համակարգի ռիսկերի ավելացման և ճկունության բարձրացման համար այդ ռիսկերի նկատմամբ ԿԲ–ն հետագայում կիրառել է վարկային ռիսկերի զսպման գործիքներ և բարձրացրել է կապիտալի նկատմամբ նվազագույն պահանջը։

Վարչության պետը նշեց, որ արտաքինից բերված բացասական գործոնների թվում հայաստանի համար արդիական են տնտեսական ակտիվությւան դանդաղումը գործընկեր երկրներում, մասնավորապես, Ռուսաստանում և ԵՄ պետություններում, գունավոր մետաղների նվազման միտումների պահպանումը, դեպի երկիր դրամական փոխանցումների ներհոսքի կրճատումը։

Տնտեսվարող սուբյեկտների դրամական հոսքերի վրա նշված գործոնների բացասական ազդեցության հետևանքով նվազել է տնտեսության կողմից վարկերի պահանջարկը և ֆինանսական համակարգի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության մակարդակը: Ձևավորված իրավիճակում ֆինանսական համակարգն իր հերթին համահունչ կերպով արձագանքել է ռիսկերի զսպման անհրաժեշտությանը՝ համապատասխանորեն վերանայելով վարկավորման և ներդրումային քաղաքականությունները:

Վարկային ռեսուրսերի պահանջարկի նվազմանը զուգահեռ առևտրային բանկերի կողմից իրականացվող համեմատաբար զուսպ վարկային քաղաքականությունը կանխարգելիչ ազդեցություն է ունեցել ֆինանսական համակարգի կայունությունը խոցող ռիսկերի հետագա աճի վրա՝ նպաստելով ընդհանուր ֆինանսական կայունության ամրապնդմանը: Ներկայացված զարգացումների ներքո ՀՀ ֆինանսական համակարգը կարողացել է կլանել առաջացած ռիսկերը՝ պահպանելով իր բնականոն գործունեության շարունակականությունը: -0-

 

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև