«Յունիբանկ» ԲԲԸ-ի շահույթը կազմել է 358 մլն դրամ

31.05.2016 18:07
«Յունիբանկ» ԲԲԸ-ի շահույթը կազմել է 358 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. «Յունիբանկը» 2015 թվականին ապահովել է 358 մլն դրամի շահույթ և շարունակել ցուցադրել աճի դրական դինամիկա, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, 2016թ.-ի հունիսի 1-ին կկայանա «Յունիբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որում կամփոփվեն բանկի գործունեության 2015թ.-ի արդյունքները և կնախանշվեն զարգացման հեռանկարները:

Ապահովելով գործունեության որակապես նոր մակարդակ և ծավալների զգալի աճ`  Յունիբանկը 2015թ.-ին որոշում կայացրեց ՓԲԸ-ից վերակազմավորվել բաց բաժնետիրական ընկերության՝ դառնալով առավելագույնս թափանցիկ և հանրային բանկ: Պետք է նշել նաև, որ 2015թ.-ին Յունիբանկը շեշտակի ընդլայնել է նաև միջազգային համագործակցությունը և վարկային ծրագրերի շրջանակներում ակտիվորեն աշխատել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC), Առևտրի և զարգացման Սևծովյան բանկի (BSTDB), Եվրոպական ներդրումային բանկի հետ:

Ինչպես հիշեցրին բանկից, այսօր «Յունիբանկ» ԲԲԸ-ն առաջին բանկն է Հայաստանում, որը նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացրեց բաժնետոմսերի տեղաբաշխում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում և ցուցակեց դրանք բորսայի B հարթակում:

Բանկի բաժնետոմսերի ազատ շրջանառվող նվազագույնը մասը կազմում է 10%:

IPO-ի արդյունքում բանկի բաժնետերերի թիվը կազմեց 186: Այդ կապակցությամբ բանկն առանձնակի ուշադրություն է դարձնում կորպորատիվ կառավարման արդյունավետության բարձրացմանը, հասարակության համար տեղեկատվության հասանելիության և գործունեության թափանցիկության ապահովմանը:

2015 թվականի վերջին Յունիբանկի ակտիվները կազմել են մոտ 158 մլրդ դրամ, պարտավորությունները` 135 մլրդ դրամ, բանկի կապիտալը` 22.7 մլրդ դրամ: Վարկային պորտֆելի դիվերսիֆիկացման արդյունքում, բանկի ընդհանուր պորտֆելում մանրածախ վարկերի մասնաբաժինը կազմում է 52%, ՓՄՁ-ներինը` 28%, իսկ կորպորատիվ վարկերինը` 20%:

Բանկի վարկային պորտֆելը գերազանցել է 110 մլրդ դրամը, ժամկետային ավանդները կազմել են 91 մլրդ դրամ, իսկ ցպահանջ պարտավորությունները` 12 մլրդ դրամ:

Բանկի ակտիվ քարտերի քանակը կազմել է ավելի քան 185 000, սպասարկման կետերում շրջանառության ծավալը` 73 մլրդ դրամ: 2015թ.-ին բանկն իրականացրել է ավելի քան 309 000 դրամական փոխանցում:

Բանկի վարկային ծրագրերի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև մասնավոր եվրոպական ֆոնդերը: Հաշվի առնելով ներդրողների զգալի հետաքրքրությունը բաժնետոմսերի և պարտատոմսերի նկատմամբ` որպես երկարաժամկետ ներդրումային գործիքների, այս տարվա մայիսին Յունիբանկը հայտարարեց բաժնետոմսերի նոր թողարկման մասին, որը ևս իրականացվելու է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում:

«Առաջարկի արդյունքում բանկը նախատեսում է տեղաբաշխել սովորական դասի մոտ 12.2 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կկազմի 2.8 մլրդ ՀՀ դրամ: Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 100 ՀՀ դրամ, տեղաբաշխման գինը` 230 ՀՀ դրամ»,– ասվում է հաղորդագրությունում։

Բաժնետոմսերի նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռքբերել, կազմում է 1 մլն դրամ: Որպես բանկի բաժնետոմսերի մարքեթ-մեյկեր (շուկա ստեղծող) հանդես է գալիս «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ն:

Լինելով բաց բաժնետիրական ընկերություն և ունենալով մեծ թվով անհատ բաժնետերեր` բանկը մեծ ուշադրություն է հատկացնում մինորիտար բաժնետերերի իրավունքների և շահերի պաշտպանությանը և բանկի գործունեության ու արդյունքների մասին ժամանակին և լիարժեք տեղեկատվության տրամադրմանը:

2015 թվականին «ՄԵՐԿՈՒՐԻ» ամենամյա մրցանակաբաշխությանը «Յունիբանկը» ճանաչվեց լավագույնը Հայաստանի «Ժողովրդական բանկ» անվանակարգում:

2016-2020թթ. զարգացման ռազմավարության համաձայն, Յունիբանկի ավանդների գծով շուկայական մասնաբաժինը նախատեսվում է մեծացնել մինչև 9%, մանրածախ բիզնեսի գծով` 13%, իսկ ՓՄՁ-ների գծով` 9.5%: Հաճախորդների թիվը 2020թ.-ին կկազմի մինչև 430 000, իսկ կապիտալի մեծությունը՝ 42 մլրդ դրամ: Արդյունքում 2020թ.-ին բանկն ակնկալում է 5 մլրդ դրամի շահույթ:

Այսօր Յունիբանկի սպասարկման ցանցը ներառում է 45 մասնաճյուղ և 54 պրոմո կետ: Սպառողական վարկավորման գծով բանկը համագործակցում է մոտ 1000 առևտրի և սպասարկման կետերի հետ:

Բանկն ակտիվ մասնակցություն է ունեցել նաև հովանավորչական, բարեգործական և սոցիալական մի շարք ծրագրերում, որոնք ուղղված էին ֆինանսական գրագիտության բարձրացմանը, կրթության, արվեստի, սպորտի ոլորտների աջակցմանը: Յունիբանկը կշարունակի իր ֆինանսական քաղաքականությունը կառուցել ելնելով հաճախորդների և բաժնետերերի շահերից` հետագայում ևս մնալով Հայաստանի ամենապահանջված ֆինանսական հաստատություններից մեկը և ներդրողների համար ապահովելով հնարավոր առավելագույն շահույթը:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև