ՀՀ ԿԲ–ն մտադիր է ավելի ակտիվորեն մեղմել դրամավարկային պայմանները գնաճի կայունացման համար

31.05.2016 19:43
ՀՀ ԿԲ–ն մտադիր է ավելի ակտիվորեն մեղմել դրամավարկային պայմանները գնաճի կայունացման համար

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն նպատակահարմար է համարում ավելի ակտիվորեն կազմակերպել դրամավարկային պայմանների մեղմման գործընթացը 2016 թ.–ի երկրորդ կեսին։ Այս մասին նշվում է «Գնաճի հաշվետվության» (Դրամավարկային քաղաքականության ծրագիր II եռամսյակ 2016թ. Դրամավարկային քաղաքականության 2016թ. I եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն) մեջ։

«2016 թ.–ի երկրորդ կեսին այդ քայլերի իրականացումը, տարեսկզբից իրականացվող դրամավարկային պայմանների մեղմման քաղաքականության ֆոնին, կհանգեցնի համախառն պահանջարկի ընդլայնմանն ու կանխատեսելի ապագայում` գնաճի կայունացմանը նպատակային ցուցանիշի շուրջ», – նշվում է հաշվետվության մեջ։

Չնայած ձևավորված ցածր գնաճային միջավայրին և գնաճային սպասումների որոշ չափով մեղմմանը, ԿԲ–ն գնաճային սպասումները գնահատել է դեռևս բարձր, ինչից ելնելով էլ` այդ ժամանակահատվածում աստիճանաբար նվազեցրել է վերաֆինանսավորումը։

ՀՀ ԿԲ–ն տարեսկզբից երեք անգամ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այսպես, փետրվարին տոկոսադրույքը նվազեցվել է ` 8,75 տոկոսից դառնալով 8,5 տոկոս, մարտին` մինչև 8,25 տոկոս և մայիսին` մինչև 7,75 տոկոս։

«Նման քաղաքականության արդյունքում ձևավորված ցածր գնաճը նպաստում է եկամուտների վճարունակության պահպանմանը, կազմակերպությունների ծախսերի կրճատմանն ու գնաճային սպասումների աստիճանական նվազմանը», – նշում են ԿԲ–ից։

ԿԲ–ի գնահատականներով` արտաքին աշխարհից ներքին գների վրա իրականացվող գնանկումային ազդեցությունը կարճաժամկետ ժամանակահատվածում կշարունակվի, ինչը կչեզոքացվի այս տարվա երկրորդ կեսին։

ԿԲ–ի քաղաքականությունից բացի, գնանկումային ազդեցության մեկ այլ գործոն է գազի սակագների ակնկալվող նվազումը։

«Նման պայմաններում գնանկումային միջավայրն առաջիկա ամիսներին կպահպանվի, իսկ հետագայում աստիճանաբար կթուլանա,  և կանխատեսելի ապագայում 12–ամսյա գնաճն աստիճանաբար կվերադառնա նպատակային ցուցանիշին», – կարծում են ԿԲ–ից։

Հայաստանում սպառողական գները 2016 թ.–ի հունվար–ապրիլին, 2015 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 1,5 տոկոսով։ Միաժամանակ սպառողական գները 2016 թ.–ի ապրիլին, 2015 թ.–ի ապրիլի համեմատ, նվազել են 1,9 տոկոսով։ Գնանկում Հայաստանում արձանագրվել է տարեսկզբից, մասնավորապես, 2016 թ.–ի հունվարին, 2015թ .–ի հունվարի համեմատ, գրանցվել է 0,4 տոկոս, փետրվարին` 1,7 տոկոս, մարտին` 2 տոկոս։

Պետբյուջեի համաձայն` գնաճը Հայաստանում 2016 թ.–ին նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև