ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ համագործակցելու է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության հետ

07.06.2016 15:58
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ համագործակցելու է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության հետ

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որի արդյունքում բանկը կկարողանա ֆինանսավորել գործակալության թողարկած ապահովագրական վկայագրերով Հայաստանից արտահանում իրականացնող ընկերություններին՝ հետաձգված վճարային պայմանով արտահանումների դեպքում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանն իր խոսքում նշել է, որ արտահանման ապահովագրությունը հնարավորություններ է ընձեռելու բանկին ավելի պարզեցված ընթացակարգով իրականացնելու դրամական միջոցների ֆինանսավորում (արտահանման ֆակտորինգ) արտահանող ընկերությունների հետ: Բանկի կողմից առաջարկվող պրոդուկտը նվազագույնի է հասցնելու թե՛ բանկի, թե՛ արտահանողի ռիսկերը:

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանն իր խոսքում նշեց՝ «ՀԱԱԳ ԱՓԲԸ  առաքելությունը ՀՀ արտահանման խթանումն է։ Ընկերության կողմից առաջարկվող ապահովագրական գործիքակազմի կարևորագույն բաղկացուցիչը արտահանողներին մատչելի և անգրավ ֆինանսական ռեսուրսներին հասանելիության ստեղծումն է։ ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հետ ստորագրված համագործակցության պայմանագիրը նոր զարկ կտա գործակալության ծառայությունների վերաբերյալ բանկի բազմաթիվ հաճախորդների իրազեկվածության բարձրացմանը, հատկապես` ՀՀ մարզերում», - ասել է նա։

Աբգարյանը վստահություն է հայտնել, որ բանկի հետ համատեղ աշխատանքի արդյունքում շուկայում դեռևս նոր ֆինանսական այս պրոդուկտը լայն պահանջարկ կունենա՝ էապես նպաստելով հայ արտահանողների մրցունակության բարձրացմանը, արտադրության ծավալների ավելացմանը և նոր շուկաների բացահայտմանը։

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է 2013 թ.-ին հանրապետության կառավարության որոշմամբ` որպես արտահանման խթանման արդյունավետ գործիք: Ընկերությունը տրամադրում է ապահովագրություն ՀՀ ռեզիդենտ արտահանող ընկերությունների կողմից մատակարարված ապրանքի դիմաց օտարերկրյա գնորդի կողմից չվճարման հետևանքով կրած ֆինանսական վնասներից: Ընկերության միակ բաժնետերը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև