Արգենտինայի ազգային բանկի նախագահը պատրաստ է նպաստել հայ-արգենտինական կապերի ամրապնդմանը

23.06.2016 15:19
Արգենտինայի ազգային բանկի նախագահը պատրաստ է նպաստել հայ-արգենտինական կապերի ամրապնդմանը

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. Արգենտինայի ազգային բանկի նախագահ Կառլոս Մելքոնյանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ հանդիպման ընթացքում պատրաստակամություն է հայտնել հնարավորինս նպաստել երկու երկրների ֆինանսական ոլորտների միջև կապերի ամրապնդմանը, ներդրումների ներգրավմանը, ինչպես նաև արտերկրում Հայաստանի ներկայացմանը:

Ինչպես հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը, Մելքոնյանի խնդրանքով Ջավադյանը ներկայացրել է ՀՀ ֆինանսական համակարգի ներկա վիճակը, խոսել վերջինիս ցուցանիշների մասին:

Հայաստանի ԿԲ-ի նախագահը հույս է հայտնել, որ բանկի պատվիրակության այցն առիթ կծառայի արդյունավետ գործակցության մեկնարկի համար և կնպաստի երկու երկրների տնտեսությունների միջև փոխշահավետ հարաբերությունների ամրապնդմանը:

«ՀՀ կենտրոնական բանկը միշտ խրախուսել է օտարերկրյա ինստիտուցիոնալ ներդրողների մուտքը Հայաստանի ֆինանսական շուկա՝ քաջ գիտակցելով շուկայի մասնակիցների և արտերկրյա գործընկերների միջև փոխգործակցության կարևորությունը», - նշել է Ջավադյանը:

Մելքոնյանն, իր հերթին,  շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և գոհունակություն հայտնել արգենտինացի գործարարների կողմից ՀՀ-ում կատարված ներդրումների առնչությամբ:

ԿԲ-ի ղեկավարության հետ հանդիպումից հետո, Կառլոս Մելքոնյանը հանդիպել է Հայաստանում ներդրումներ իրականացրած արգենտինական ընկերությունների և Հայաստանի ֆինանսական շուկայի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ներդրումների հնարավորություններին, երկրի ներդրումային գրավչությանը, մակրոտնտեսական զարգացումներին վերաբերող հարցեր:

Արգենտինայի ազգային բանկը հիմնադրվել է 1891 թ, ունի լայն մասնաճյուղային ցանց (մոտ 710 սպասարկման կետ): Բանկի գործունեության առաջնահերթություններից է նպաստել գյուղատնտեսության, արդյունաբերության, տարածաշրջանային առևտրի, ՓՄՁ և բնակչության ցածր ապահոված խավերի վարկավորմանը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև