Թողարկվել է հուշամեդալ՝ նվիրված Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հայաստանյան այցին

24.06.2016 18:54
Թողարկվել է հուշամեդալ՝ նվիրված Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հայաստանյան այցին

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է հուշամեդալ՝ նվիրված Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի Հայաստանի Հանրապետություն այցին (24-26 հունիսի, 2016 թ.-ն), որի կարգախոսն է «Այց առաջին քրիստոնյա երկիր», հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը:

«301 թ.-ին Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն, ինչը կապված է Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան հետ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչը համաքրիստոնեական տոնելի սուրբ է, նրա մասունքները դարերի հոլովույթում սփռվել են ողջ քրիստոնյա աշխարհում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Համաքրիստոնեական շրջանակներում կարևորելով եկեղեցիների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունների զորացումը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը 2000 թ. այցելել է Հռոմի Կաթողիկե Եկեղեցի և նրա գահակալ Հովհաննես Պողոս Բ Պապին, որն, իր հերթին, 2001 թ.-ին իր մասնակցությունն է բերել քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարություններին:

Հաղորդագրության համաձայն, հուշամեդալի դիմերեսին պատկերված է Խոր Վիրապի վանքը` Արարատ լեռան ֆոնի վրա, և Ֆրանցիսկոս Պապի այցի թվագրումը, իսկ դարձերեսին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանը Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի արտաքին որմնախորշում (2005 թ.-ն, քանդակագործ՝ Խաչիկ Ղազանչյան), Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթողիկե Եկեղեցու զինանշանները:

Հուշամեդալը սահմանափակ քանակությամբ է և ունի պատմամշակութային արժեք:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև