Հայաստանի բանկերում ավանդների ծավալը շարունակում է նվազել

30.06.2016 20:07
Հայաստանի բանկերում ավանդների ծավալը շարունակում է նվազել

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերում ավանդների համախառն ծավալն արդեն երրորդ ամիսն անընդմեջ նվազում է և մայիսի վերջին կազմել է 1 983,7 մլրդ դրամ։ Այս մասին են վկայում ՀՀ ԱՎԾ–ի տվյալները։

Մայիսին Հայաստանի բանկերում ավանդների համախառն ծավալը նվազել է 0,14 տոկոսով։

Վիճակագրական տվյալներով` ռեզիդենտների ավանդները մայիսին կազմել են 1 544,6 մլրդ դրամ` նվազելով 0,2 տոկոսով։ Հարկ է նշել, որ ռեզիդենտների ավանդների նվազումը հաշվետու ժամանակահատվածում պայմանավորված է արտարժութային ավանդների կրճատմամբ։

Այսպես, արտարժութային ավանդները մայիսին նվազել են 1,2 տոկոսով` կազմելով 955,2 մլրդ դրամ, ընդ որում արտարժույթով ցպահանջ ավանդները նվազել են 1 տոկոսով` հասնելով 232,2 մլրդ դրամի, իսկ ժամկետայինները` 1,3 տոկոսով` մինչև 722,9 մլրդ դրամ։

Միաժամանակ, ռեզիդենտների դրամային ավանդները մայիսին ավելացել են 1,4 տոկոսով` կազմելով 589,4 մլրդ դրամ։ Ցպահանջ դրամային ավանդները կազմել են 199,6 մլրդ դրամ (0,4 տոկոսի աճ), ժամկետայինները` 389,8 մլրդ դրամ (1,9 տոկոսի աճ)։

Հայաստանի բանկերում ոչ ռեզիդենտների ավանդները մայիսին կազմել են 439 մլրդ դրամ` ամսվա ընթացքում ավելանալով 0,13 տոկոսով (1 – 476,68 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև