Արդշինբանկը և Սևծովյան առևտրի և զարգացման բանկը ստորագրեցին 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր

06.07.2016 18:05
Արդշինբանկը և Սևծովյան առևտրի և զարգացման բանկը ստորագրեցին 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /ԱՌԿԱ/. Արդշինբանկի և Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (ՍԱԶԲ) միջև ստորագրվեց թվով երրորդ վարկային պայմանագիրը, որով Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վարկավորմանը կհատկացվի ևս 10 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է Արդշինբանկի կայքը:

«ՓՄՁ ոլորտը հանդիսանում է Հայաստանի տնտեսության զարգացման, արտահանման խթանման և աշխատատեղերի ստեղծման համար կարևոր բաղկացուցիչ, և այդ պատճառով Արդշինբանկի ռազմավարական զարգացման հիմքում ընկած է ՓՄՁ ոլորտում մատչելի վարկավորման խթանումը», - նշվում է հաղորդագրության մեջ:

Ծրագրի շրջանակում, Արդշինբանկը տրամադրելու է վարկեր իր հաճախորդներին` սկսած տարեկան 11% տոկոսադրույքից:

Բացի այդ, ԱՄՆ կառավարության Օտարերկրյա մասնավոր ներդրումներ կորպորացիայի (OPIC - The Overseas Private Investment Corporation) երաշխավորությամբ, Արդշինբանկը ամերիկյան World Business Capital (WBC) ընկերության հետ 2016թ.-ի հունիսի 30-ին ստորագրել է 10 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր: Պայմանագրի շրջանակում ստացված գումարները կուղղվեն Բանկի հաճախորդ փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վարկավորմանը:

Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (ՍԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Սևծովյան տարածաշրջանի տասնմեկ երկրների կողմից: ՍԱԶԲ-ը խթանում է տնտեսական զարգացումը և տարածաշրջանային համագործակցությունը` իր անդամ երկրների պետական և մասնավոր հատվածի նախագծերի իրականացման համար տրամադրելով վարկեր, վարկային գծեր, երաշխիքներ, ինչպես նաև իրականացնելով ներդրումներ կապիտալում և առևտրի ֆինանսավորում:

«Արդշինբանկ» ՓԲԸ–ն (ավելի վաղ` «Արդշինինվեստբանկ», վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ 2014 թվականի նոյեմբերի 31–ին) գրանցվել է 2003 թվականի փետրվարին։ «Արդշինբանկ» ՓԲԸ–ն իր հիմնական ֆինանսական ցուցանիշներով ավանդաբար գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների դիրքում: Ներկայում Բանկի մասնաճյուղային ցանցն իր 55 մասնաճյուղերով խոշորագույններից է հանրապետությունում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև