Արարատբանկն իրականացրել է 400 մլն դրամի արժեկտրոնային պարտատոմսերի 12-րդ թողարկումը

08.07.2016 19:59
Արարատբանկն իրականացրել է 400 մլն դրամի արժեկտրոնային պարտատոմսերի 12-րդ թողարկումը

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /ԱՌԿԱ/. «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ն իրականացրել է 400 մլն դրամի արժեկտրոնային պարտատոմսերի 12-րդ թողարկումը, ուրբաթ լրագրղներին ասաց բանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով, թողարկվել է 10 000 դրամ անվանական արժեքով 40 000 անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 2 տարի շրջանառության ժամկետով և 13 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Հարությունյանն ավելացրեց, որ պարտատոմսերի բաժանորդագրությունը տեղի կունենա հուլիսի 11-ից 22-ը:

«Մենք, վերլուծելով շուկան, փորձել ենք սահմանել ոչ թե արհեստական, այլ շուկայական տոկոսադրույքը: Այսօր այդ տոկոսադրույքը համընկնում է շուկայականի հետ: Եթե վերցնենք երկամյա պետական պարտատոմսերը, ապա դրանց տոկոսադրույքը կազմում է 12-12,5 տոկոս: Իսկ մենք առաջարկել ենք ևս 0,5-1 տոկոս տարբերագին առևտրային պարտատոմսերի համար», - ասաց նա:

Հարությունյանի խոսքով, նման տոկոսադրույքով պարտատոմսերից ստացված միջոցները հնարավորություն են տալիս բանկին վարկեր տրամադրել 14-15 տոկոսով:

«Շուկայի մասնակիցներին հնարավորություն կընձեռվի պարտատոմսերով առուվաճառք իրականացնելուց բացի, կնքել ռեպո գործարքներ: Արժեկտրոններով վճարումները կիրականացվեն եռամսյակը մեկ», - ասաց նա:

Ինչպես նշեց Հարությունյանը,  բաժանորդագրումից հետո 10 օրվա ընթացքում պարտատոմսերը կցուցակվեն NASDAQ OMX Armenia բորսայում, ապա լիկվիդայնության ապահովման համար բանկը պայմանագիր կկնքի մարկետ-մեյքերի հետ:

«Բանկը մեծ ուշադրություն է դարձնում լիկվիդայնության հարցին: Պարտատոմս գնած յուրաքանչյուր անձ հնարավորություն ունի ցանկացած պահի վաչառել իր թղթերը և ստանալ կուտակված տոկոսները: Դրանով էլ հենց ապահովվում է պատրատոմսերի մեջ ներդնելու գրավչությունը` ի տարբերություն ավանդների», - նշեց նա:

Ընդ որում, Հարությունյանն ավելացրեց, որ բանկի պարտատոմսերը, ինչպես և ավանդները, երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: Նա հիշեցրեց, որ այս տարի բանկն իրականացնում է պարտատոմսերի երկրորդ թողարկումը:

Հունիսին բանկն իրականացրել է 1 մլն դոլարի արժութային արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում: 2016 թ.-ին բանկի կողմից թողարկված պարտատոմսերով կատարվել են շուրջ 82 գործարք` 540 000 դոլար և 12 գործարք` 22 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով:

Հարությունյանը պարզաբանեց, որ դրամային պարտատոմսերը հիմնականում հետաքրքրություն են առաջացնում ներդրումային, ապահովագրական ընկերությունները, կենսաթոշակային ֆոնդերը, իսկ դոլորայիններն ավելի գրավիչ են ֆիզիկական անձանց:

Նրա խոսքով, ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ պարտատոմսսերի գնման համար կարող է դիմել բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:

2016 թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով, բանկի ակտիվները կազմել են 130,6 մլրդ դրամ (տարեսկզբից 1 տոկոսի անկում), պարտավորությունները` 107,9 մլրդ դրամ (1,45 տոկոսի անկում), ընդհանուր կապիտալը` 22,7 մլրդ դրամ (1 տոկոսի աճ), առաջին եռամսյակի շահույթը կազմել է 176,7 մլն դրամ:

«Արարատբանկ» ԲԲԸ-ն («Հայկապ» բանկի իրավահաջորդը) հիմնադրվել է 02.09.1991թ., 1996թ. հոկտեմբերի 31-ին բանկը ստացել է թիվ 4 բանկային արտոնագիրը։ Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 64,24 տոկոսը պատկանում է «Ֆլեշ» ընկերությանը, 25 տոկոսը` ՎԶԵԲ–ին, իսկ 10 տոկոսը` «RURAL IMPULSE FUND II SA SICAV SIF» ընկերությանը։ Արարատբանկը 2009թ.–ի հունվարի 30–ին դարձել է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի մասնակից։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև