IFC-ն և IAB Բիզնեսի միջազգային ակադեմիան օժանդակում են Հայաստանի ֆինանսական հաստատությունների հզորացմանը

13.07.2016 19:11
IFC-ն և IAB Բիզնեսի միջազգային ակադեմիան օժանդակում են Հայաստանի ֆինանսական հաստատությունների հզորացմանը

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) համագործակցում է IAB Բիզնեսի միջազգային ակադեմիայի հետ Հայաստանի բանկերին՝ ռիսկի կառավարման համակարգերի հզորացման ուղղությամբ օժանդակություն տրամադրելու գծով, հաղորդում է IFC-ի մամուլի ծառայությունը:

Օժանդակության նպատակն է, որ բանկերը շարունակեն տրամադրել տնտեսվարող սուբյեկտներին այդքան անհրաժեշտ ֆինանսական միջոցները՝ տեղական արժույթի արժեզրկման հետևանքով առաջացած դժվարությունների միջավայրում:

Ֆինանսական հաստատությունների կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերի շրջանակում, IFC-ի խորհրդատվական թիմը և IAB Բիզնեսի միջազգային ակադեմիան առաջիկա 12 ամիսների ընթացքում ռիսկերի կառավարման և ժամկետանց վարկերի թեմայով սեմինարների շարք են անցկացնելու բանկերի համար:

Այս նախաձեռնության նպատակն է օգնել ֆինանսական հաստատություններին՝ փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) սուբյեկտների համար նորարարական լուծումների կիրառման, գործունեության այս ուղղության ընդլայնման և փոքր ձեռնարկություններին տրամադրվող վարկավորման ծավալների ավելացման հարցում:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Համաշխարհային տնտեսական ֆորումի 2015-2016թթ.-ի ‹‹Համաշխարհային մրցունակություն›› վարկանիշային զեկույցում ՓՄՁ սուբյեկտների համար ֆինանսական միջոցների հասանելիությունը նշվել է որպես գլխավոր մարտահրավեր:

IAB Բիզնեսի միջազգային ակադեմիայի տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանի խոսքով, աճող անկայունության պայմաններում այլևս անհնարին է ենթադրել, որ ֆինանսական հաստատությունները կշարունակեն աշխատել այնպես, ինչպես աշխատում էին նախկինում: Եվ ֆինանսական հատվածի հիմնային զարգացման ու հետագա կայացման աջակցության համար անհրաժեշտ են լրացուցիչ միջոցառումներ:

‹‹Սա Հայաստանի տնտեսության զարգացման համար նշանակալի նախաձեռնություն է, և մենք շատ ուրախ ենք, որ այդ նախաձեռնության իրականացման գործում համագործակցում ենք IFC-ի հետ››, - ասել է նա:

IFC-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Յան Վան Բիլսենն իր հերթին նշել է, որ տնտեսության համար դժվարին ժամանակաշրջանում ֆինանսական հաստատությունները, որպես կանոն, սահմանափակում են վարկավորումը և ուշադրությունը սևեռում միջին և խոշոր ձեռնարկությունների վրա: Արդյունքում, վարկային միջոցներն էլ ավելի անհասանելի են դառնում ՓՄՁ սուբյեկների համար:

‹‹Այս նախաձեռնության նպատակն է օժանդակել հայաստանյան ֆինանսական հաստատություններին՝ հզորացնելու ռիսկերի կառավարման իրենց գործընթացները և շարունակելու տնտեսական աճի հիմնական շարժիչ հանդիսացող փոքր ձեռնարկությունների ֆինանսավորումը››, - պարզաբանել է նա:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև օժանդակել հայաստանյան ֆինանսական հաստատություններին հասկանալ կապիտալի ցուցանիշների մոդելները, ինչը հատկապես կարևոր է նվազագույն կապիտալի նորմատիվ պահանջի ավելացման լույսի ներքո:

Նախաձեռնությունը իրականացվում է IFC-ի ‹‹Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ֆինանսական համակարգերի հզորացում›› ծրագրի շրջանակում և ֆինանսավորվում է Շվեյցարիայի տնտեսական հարցերով գլխավոր քարտուղարության (SECO) կողմից:

IAB Բիզնեսի միջազգային ակադեմիան հիմնադրվել է 2001թ-ին: Ակադեմիայի առաքելությունն է ապահովել մարդկային ռեսուրսների զարգացումն ու աճը Հայաստանում և տարածաշրջանում` առաջարկելով մասնագիտական վերապատրաստման և խորհրդատվական ծառայությունների մշտապես նորացվող լայն շրջանակ:

Հայաստանն անդամակցել է IFC–ին 1995թ.-ին։ Այդ ընթացքում IFC-ի երկարաժամկետ ներդրումային պարտավորությունները կազմել են 233 միլիոն ԱՄՆ դոլար՝ ներառյալ 23 միլիոն ԱՄՆ դոլար մոբիլիզացված այլ վարկատուներից՝ ֆինանսավորելով 47 ծրագիր մի շարք ոլորտներում։ Առևտրի ֆինանսավորման ծրագրի միջոցով IFC-ն աջակցել է նաև 130 միլիոն դոլարից ավել արժեքով առևտրային գործարքների։ Միջազգային ֆինանսական կորպորացիան իրականացրել է նաև մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված խորհրդատվական ծրագրեր։

2015 ֆինանսական տարում զարգացող երկրներում կատարված IFC- ի ներդրումների ծավալը հասել է գրեթե 18 միլիարդ ԱՄՆ դոլարի: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև