ՀՀ ԿԲ–ն ստեղծում է «ԱՐՈՒՍ» դրամական փոխանցումների միասնական համակարգ

26.07.2016 16:39
ՀՀ ԿԲ–ն ստեղծում է «ԱՐՈՒՍ» դրամական փոխանցումների միասնական համակարգ

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը հանրապետության ֆինանսական համակարգի կայունության ամրապնդման նպատակով անցել է «ԱՐՈՒՍ» դրամական փոխանցումների միասնական համակարգի ստեղծմանը, հայտնում է կարգավորիչի մամուլի ծառայությունը։

«Դրամական փոխանցումների բնագավառը, հանդիսանալով արագ զարգացող ոլորտ, նոր տեխնոլոգիաների և նոր գործիքների կիրառման առումով  պահանջում է մշտական ուշադրություն թե՛ կարգավորման, թե՛ վերահսկման տեսակետից»,– ասվում է հաղորդման մեջ։

Դրամական փոխանցումների միասնական համակարգի ստեղծման մասին որոշումն ընդունվել է` հաշվի առնելով դրամական փոխանցումների դերը ՀՀ ֆինանսական շուկայում և հաշվի առնելով արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգերով աշխատելու ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներ։

Հաղորդագրության համաձայն, «ԱՐՈՒՍ» համակարգի ստեղծումը ՀՀ ԿԲ և ՀՀ առևտրային բանկերի համատեղ մտահաղացման արդյունք է:

«Նախատեսվում է, որ համակարգը, միասնական հարթակի հիման վրա և տարբեր գործիքների կիրառման հնարավորությամբ, ապագայում կդառնա մանրածախ վճարումների միասնական համակարգ, որը, հիմքում ունենալով մասնակիցների ազատ մրցակցության ապահովման սկզբունքը, կապահովի  սպառողներին էժան և որակյալ ծառայություններ», - նշել են ԿԲ-ից:

Բացի այդ, այս համակարգը կբացառի ներկայումս ՀՀ դրամական փոխանցումների շուկային սպառնացող առանձին արտասահմանյան համակարգի կողմից գերիշխող և թելադրող դիրք ունենալու վտանգը: Անվտանգության միասնական չափորոշիչների կիրառման միջոցով, համակարգը թույլ կտա բարձրացնել անվտանգությունը և արդյունավետությունը, ինչպես նաև լայն ենթակառուցվածքի հասանելիության հաշվին թույլ կտա ստեղծել բարենպաստ պայմաններ և կկրճատի դրամական փոխանցումների շուկայի մասնակիցների և սպառողների ընթացիկ ծախսերը:

«ԱՐՈՒՍ»-ը, համարժեք ապահովվածության մեխանիզմներ կիրառելու միջոցով, կսահմանափակի արտասահմանյան համակարգի օպերատորների անվճարունակության/սնանկության կամ տվյալ երկրի կարգավորող մարմնի կողմից համակարգերի օպերատորներին սնանկ ճանաչելու կամ գործունեությունը դադարեցնելու դեպքում չվճարման ռիսկը և կբարձրացնի հանրության վստահությունը», - նշել են ԿԲ-ից:

Նախատեսվում է, որ հավասար մրցակցային պայմանների ապահովման միջոցով և մասշտաբի էֆեկտի հաշվին, դրամական քաղաքականությունը ուղղված է լինելու դրամական փոխանցումների շուկայում առկա սակագների նվազեցմանը, քանի որ նույն տեսակի ծառայությունը հասանելի կլինի միասնական համակարգի ներքո, և սպառողը հնարավորություն կունենա ընտրելու իրեն առավել հարմար և մատչելի փոխանցման տարբերակ:

«ԱՐՈՒՍ» համակարգի ներդրումը կհեշտացնի արտասահմանյան համակարգերի մուտքը հայաստանյան շուկա, քանի որ ինչպես ՀՀ ֆինանսական կազմակերպությունները, այնպես էլ արտասահմանյան համակարգերի օպերատորները փոխանցումների կատարման համար բազմաթիվ երկկողմանի պայմանագրեր կնքելու փոխարեն կկնքեն մեկ պայմանագիր` «ԱՐՈՒՍ» համակարգի օպերատորի հետ, իսկ համակարգերի օպերատորները ստիպված չեն լինի հսկել մասնակիցների ֆինանսական ռիսկերը, ինչը կլինի առավել հարմար, քիչ ռեսուրսատար և քիչ ժամանակատար՝ միաժամանակ ընձեռելով հասանելիություն ՀՀ վճարահաշվարկային համակարգի բոլոր մասնակիցներին:

«Ինչ վերաբերում է  ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող վերահսկողությանը, ապա այն կլինի ավելի մեղմ, քանի որ մի շարք ռիսկերի կառավարումը կենտրոնացված ձևով կիրականացվի «ԱՐՈՒՍ» համակարգում», - նշվում է հաղորդագրության մեջ:

ԿԲ-ից մշում են, որ ՀՀ կենտրոնական բանկի վարած քաղաքականությունը երբևիցե չի ստեղծել և չի ստեղծի  խոչընդոտներ արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգերի՝ հայաստանյան շուկա մուտք գործելու համար, ինչի մասին են վկայում ներկայում Հայաստանում գործող 13 (այդ թվում` 4 ռուսական) արտասահմանյան փոխանցումների համակարգերը:

Հայաստան կատարված դրամական փոխանցումները 2015 թ.–ին նվազել են 30 տոկոսով` կազմելով 1 208,47 մլն դոլար։ Ընդ որում, դևամական փոխանցումները կազմում են ՀՆԱ-ի մոտ 15-17 տոկոսը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև