Յունիբանկն ամբողջ ծավալով տեղաբաշխել է երրորդ թողարկման բաժնետոմսերը

29.07.2016 16:58
Յունիբանկն ամբողջ ծավալով տեղաբաշխել է երրորդ թողարկման բաժնետոմսերը

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /ԱՌԿԱ/. 2016 թ.-ի հուլիսի 27-ին Յունիբանկն ավարտել է երրորդ թողարկման բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացը, որը ևս իրականացվել է «NASDAQ OMX Արմենիա» ֆոնդային բորսայում բաց ստանդարտ աճուրդի ձևով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Առաջարկի արդյունքում բանկը տեղաբաշխել է սովորական դասի մոտ 12.2 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կազմել է 2.8 մլրդ ՀՀ դրամ: Տեղաբաշխված բաժնետոմսերի միջին կշռված գինը կազմել է 230 ՀՀ դրամ:

«Այդպիսով Յունիբանկը հաջողությամբ տեղաբաշխեց ներկայացված ամբողջ ծավալը, ինչը փաստում է բանկի հանդեպ ներդրողների զգալի հետաքրքրության և վստահության մասին: Ներդրումային գործիքներ առաջարկելով հասարակությանը` Յունիբանկը ստեղծում է խնայողությունների շահավետ և երկարաժամկետ ներդրման և մի շարք առավելություններից օգտվելու լրացուցիչ հնարավորություն, այդ թվում, արտահերթ սպասարկում բանկի բաժնետոմսեր ձեռքբերած և բաժնետեր դառձած հաճախորդներին», - նշվում է բանկի հաղորդագրության մեջ:

Որպես Յունիբանկի բաժնետոմսերի մարքեթ-մեյկեր (շուկա ստեղծող) հանդես է գալիս «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ն:

2016թ.-ի երկրորդ եռամսյակում Յունիբանկը գրանցել է դրական ֆինանսական արդյունքներ գործունեության բոլոր հիմնական ուղղություններով և շարունակել է շահույթի աճը: Բանկի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 167 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 138 մլրդ ՀՀ դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը գերազանցել է 28,8 մլրդ դրամը` նախորդ տարվա համեմատ աճելով մոտ 27%-ով, ինչը պայմանավորված է ինչպես կանոնադրական կապիտալի 5,2 մլրդ դրամ աճով, այնպես էլ` շահույթի ձևավորմամբ: 2016թ.-ի երկրորդ եռամսյակի արդունքներով Յունիբանկն ապահովել է ավելի քան 570 մլն ՀՀ դրամի շահույթ:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև