HSBC–ի ուսումնասիրություն. հայկական բուհերում ուսման վարձը պակաս է աշխարհում գրանցված միջին ցուցանիշից

05.08.2016 14:09
HSBC–ի ուսումնասիրություն. հայկական բուհերում ուսման վարձը պակաս է աշխարհում գրանցված միջին ցուցանիշից

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ուսման տարեկան վարձավճարները տատանվում են 840-1,680 ԱՄՆ դոլարի սահմանում, ինչը համեմատաբար ցածր է այն 15 երկրների միջինացված ցուցանիշից ($9,100), որտեղ HSBC-ն իրականացրել է իր ուսումնասիրությունները, նշվում է HSBC-ի «Կրթության արժեքը» շարքի վերջին՝ «Հիմքեր ապագայի համար» զեկույցում։

Ուսումնասիրության տվյալներով` Հայաստանի բարձրագույն կրթական հաստատություններում ուսման վարձը համեմատաբար մոտ է Հնդկաստանի ($581), Մեքսիկայի ($750) և Թուրքիայի ($1,276) համալսարանական վարձավճարներին:

«Կրթության արժեքը» շարքի «Հիմքեր ապագայի համա» զեկույցը հրապարակվել է

2016թ-ի հունիս ամսին: Այն ներկայացնում է 6,241 ծնողի տեսակետները աշխարհի 15 երկրներից և տարածաշրջաններից. դրանք են Ավստրալիան, Կանադան, Չինաստանը, Եգիպտոսը, Ֆրանսիան, Հոնկ Կոնգը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Մալայզիան, Մեքսիկան, Սինգապուրը, Թայվանը, Միացյալ Արաբական

Էմիրությունները, Միացյալ Թագավորությունը և Միացյալ Նահանգները:

Հարցումներին մասնակցել են ծնողներ, ովքեր ունեն մինչև 23 տարին լրացած առնվազն մեկ երեխա, ով սովորում է կամ պատրաստվում է սովորել: Յուրաքանչյուր երկրից ուսումնասիրությանը մասնակցող ծնողների նվազագույն ընտրանքը 350 հոգի է՝ ներառյալ 150 ծնող, ում երեխան սովորում է համալսարանում կամ քոլեջում:

«Մինչ վերջին հինգ տարիներին բարձրագույն կրթություն ստացող հայ ուսանողների թիվը նվազել է 28%-ով, միջազգային ուսանողների թիվը, ովքեր ցանկություն ունեն և հետաքրքրված են իրենց կրթական աստիճանը ստանալ Հայաստանում՝ հետզհետե աճում է», – նշվում է ուսումնասիրության մեջ։

Այսպես, Հայաստանում սովորող միջազգային ուսանողների թիվը 2014թ-ին 3,647 էր, ինչը 10%-ով ավելին է, քան 2010թ-ին: Հայաստան եկող միջազգային ուսանողները հիմնականում հետևյալ 5 երկրներից են՝ Ռուսաստան (29%), Վրաստան (25%), Հնդկաստան (23%) Իրան և Սիրիա՝ յուրաքանչյուրը 6%:

Միաժամանակ ուսումնասիրության հեղինակները նշում են, որ ծնողներն իրենց երեխայի կրթությունն ավելի վեր են դասում, քան սեփական ֆինանսական բարեկեցությունը։

«Այսպես, հարցվածների 49%-ը նշում է, որ երեխայի կրթության համար վճարելն ավելի կարևոր է, քան կենսաթոշակային խնայողություններ անելը: 30%-ը համարում է, որ ուսման վարձը վճարելն ավելի կարևոր է, քան հիփոթեքի/վարձակալման կամ կոմունալ վճարումները կատարելը (31%): Իսկ 32%-ը մտածում է, որ կրթական ծախսերը ամենաքիչ հավանական զոհողությունն է, որին ծնողները պատրաստ են գնալ, եթե ստիպված լինեն կրճատել ընտանիքի ընդհանուր ֆինանսական ծախսերը», – նշում են ուսումնասիրության հեղինակները։

Ինչ վերաբերում է հայ ծնողները, ովքեր բավականաչափ խնայողություններ չունեն իրենց երեխայի ուսման ծախսերը հոգալու համար, ապա նրանք ստիպված են դա անել առօրյա եկամուտների հաշվին՝ զոհաբերելով իրենց բարեկեցության, արձակուրդի կամ հավելյալ ճոխությունների համար նախատեսված գումարները, կամ էլ պարտք վերցնել։

Հարկ է նշել, որ հայաստանյան որոշ բանկեր առաջարկում են ուսանողական վարկեր: 2013թ-ին,  ՀՀ կառավարությունը մեկնարկեց ուսանողական վարկերի ծրագիր հատուկ պայմաններով՝ օգնելու ծնողներին այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրներ գտնել:

Դատելով վերջին հինգ տարիների դինամիկայից՝ համակարգում ուսանողական վարկերի պորտֆելը թեև փոքր, բայց կանոնավոր աճ է գրանցել՝  2016թ-ի մայիսի դրությամբ հասնելով 8.2 մլն ԱՄՆ դոլարի: Նկատենք նաև, որ հետզհետե ավելի շատ ծնողներ նախապատվությունը տալիս են ՀՀ դրամով վարկերին:

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցված է 1995 թվականի սեպտեմբերի 25-ից: «HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանն է պատկանում HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի 70 տոկոսը, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարի վերջից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է ($1-476,16 դրամ):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև