«Յունիբանկը» տվյալների մշակման նորագույն կենտրոն է գործարկել

08.08.2016 17:26
«Յունիբանկը» տվյալների մշակման նորագույն կենտրոն է գործարկել

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Գործարկվել է «Յունիբանկ» ԲԲԸ-ի տվյալների մշակման ժամանակակից կենտրոնը, որը հիմնված է հեռահաղորդակցման ոլորտում խոշորագույն ընկերություններից մեկի` Huawei-ի համալիր լուծման վրա:

Կենտրոնն ունիվերսալ տեղեկատվական ենթակառուցվածք է, որը նախատեսված է սերվերային, ցանցային և հաղորդակցային սարքավորումների տեղաբաշխման և անխափան աշխատանքի ապահովման համար:

«Յունիբանկի» կենտրոնը տարբերվում է տեղեկատվության պաշտպանվածության և ապահովության բարձր մակարդակով և կարող է պահել ու մշակել բանկային տեղեկատվության հսկայական ծավալներ:

«Նման հզոր և ժամանակակից կենտրոնի շահագործման հարցը մեզ համար առանձնակի արդիական էր: «Յունիբանկը» Հայաստանի ամենանորարար բանկերից մեկն է, որը մշտապես ակտիվ ներդրումներ է կատարում ՏՏ ոլորտում` բիզնեսի զարգացում և անընդհատ աճ ապահովելու, ինչպես նաև հաճախորդների որակյալ սպասարկում կազմակերպելու նպատակով»,–  նշեց Վարչության նախագահի տեղակալ, Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:

Նրա խոսքով, առաջին անգամ Հայաստանում կառուցվել է նման շարժական կենտրոն, որն առանձնանում է անխախտության բարձր մակարդակով և երաշխավորված ապահովում է բանկի բոլոր տեղեկատվական համակարգերի անխափան աշխատանքը։

«Յունիբանկի» կենտրոնի ևս մեկ առավելությունն իր շարժականությունն է: Ֆորս մաժորային իրավիճակներում կենտրոնը կարող է հեշտությամբ տեղափոխվել բանկի համար նախընտրելի մեկ այլ վայր:

Անխափան սնուցման աղբյուրները կախված չեն քաղաքային էլեկտրացանցերից և ապահովում են ավտոնոմ աշխատանք:

«Ժամանակակից բանկային գործում տեղեկատվական ռեսուրսների լիարժեք պահեստավորման ու անխափան աշխատանքի, ինչպես նաև մեծ ծավալների տեղեկատվության ապահով մշակման կարևորությունն ակնհայտ է»,– ասաց Յունիբանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական նախագծերի գծով տնօրենի տեղակալ Գենադի Լանդաուն:

Ըստ նրա, Բանկի տվյալների մշակման կենտրոնը նախագծված և կառուցված է առաջատար հաշվողական և ինժեներական ենթակառուցվածքների հիման վրա, այն ոչ միայն ապահովում է բանկի առանցքային բիզնես գործընթացների անվտանգությունը, այլ նաև հանդիսանում է վստահելի հիմք նոր լուծումների և մշակումների ներդրման համար։

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։-0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև