Հայաստանի պետական պարտքի հարաբերակցության շեմը ՀՆԱ-ի նկատմամբ կարող է բարձրանալ. թերթ

26.08.2016 15:09
Հայաստանի պետական պարտքի հարաբերակցության շեմը ՀՆԱ-ի նկատմամբ կարող է բարձրանալ. թերթ

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/. 2017 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման շրջանակում քննարկվում է «ՀՀ պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը, իսկ փոփոխությունը սկզբունքային է, գրում է «Հայկական ժամանակ» թերթն իր ունեցած տեղեկությունների հիման վրա:

Պարբերականի հաղորդագրության համաձայն, նշված օրենքով, եթե պետական պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 50 տոկոսը, ապա կառավարությունը պետք է կրճատի ծախսերը, և պետբյուջեի պակասուրդը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 3 տոկոսը: Հայաստանի պետական պարտքի ցուցանիշն ընդհուպ մոտեցել է այդ ցուցանիշին ու շարունակում է անշեղորեն աճել:

«Կառավարությունը ցանկանում է բարձրացնել օրենքով սահմանված այդ 50 տոկոսի շեմը, որ կարողանա նոր պարտքեր կուտակել: Ներկայում մեր պետական պարտքն արդեն գերազանցում է 5 միլիարդ դոլարը, և տնտեսության վիճակի կտրուկ բարելավման հեռանկարներ չեն երևում: Ուստի միակ տարբերակը, որ կառավարությունը բյուջեի չաճող եկամուտների պայմաններում կարողանա իրականացնել նախատեսված ծախսերը՝ պետական պարտքի ավելացման` օրենքով սահմանված շեմի փոփոխությունն է», - նշվում է հաղորդագրության մեջ:

Թերթը հիշեցնում է նաև, որ այսպիսի փոփոխություն կատարելու համար կառավարությունը պետք է ստանա միջազգային ֆինանսական կառույցների, մասնավորապես, Արժույթի միջազգային հիմնադրամի համաձայնությունը:

«Թե ինչպիսին կլինի ԱՄՀ-ի արձագանքը, դժվար է ասել», - ամփոփում է պարբերականը:

ՀՀ ԱՎԾ-ի տվյալներով, Հայաստանի համախառն պետական պարտքը 2016 թ.-ի հունիսի վերջին կազմել է 5 345,2 մլն դոլար` տարեսկզբից ավելանալով 5,3 տոկոսով կամ 267,5 մլն դոլարով։ Հայաստանի պետբյուջեի համաձայն, երկրի պետպարքտը 2016 թ.-ին կկազմի 49,4 տոկոս ՀՆԱ: Պետական պարտքի չափը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 5,569 մլրդ դոլար, որից 86,6 տոկոսը արտաքին պարտքն է:

Ընդ որում, Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի իր հերթական դիտարկամ մեջ կանխատեսել է, որ Հայաստանի պետական պարտքը 2016 թ.-ին կաճի մինչև 52,4 տոկոս` 2015 թ.-ի 48,7 տոկոս ՀՆԱ-ի համեմատ: -0-

 

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև