Ֆրանսահայ 8 բժիշկներ բարեգործական ծրագիր իրականացրին Սյունիքում ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի օժանդակությամբ

30.08.2016 12:32
Ֆրանսահայ 8 բժիշկներ բարեգործական ծրագիր իրականացրին Սյունիքում ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի օժանդակությամբ

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Ֆրանսահայ բժիշկների միության (UMAF) անդամներն ավելի քան 500 երեխայի են հետազոտել Սյունիքի մարզի տարբեր գյուղերում և Սիսիան քաղաքում ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ–ի աջակցությամբ իրականացված բարեգործական ծրագրի շրջանակում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

UMAF-ի բժիշկները յուրաքանչյուր տարի երկու անգամ` մայիսին և օգոստոսին, գալիս են Հայաստան։ Մայիսի այցելության նպատակը հիմնականում փորձի փոխանակումն է։

Նրանք համայնքների դպրոցների բժիշկներին են փոխանցում երեխաների աչքերի հետազոտման իրենց մեթոդների գաղտնիքները։

«Օգոստոսի այցելության ժամանակ Ֆրանսիայի հայ բժիշկները իրենց հետ հայրենիք են բերում մեծ թվով օպտիկական ոսպնյակներ, լաբորատոր և ակնաբուժական սարքավորումներ և, տեղում ստուգելով երեխաների տեսողությունը՝ հարկ եղած ժամանակ  պատրաստում և նվիրում են ակնոցները»,– ասվում է բանկի հաղորդագրությունում։

«Մենք արդեն 13 տարի է՝ գալիս ենք Հայաստան և մեր ներդրումն ունենում մեր երեխաների առողջության պահպանության գործում: Իրականացվող ծրագիրը ցանկացել ենք անցկացնել գյուղերում, քանի որ այստեղ ավելի է զգացվում բժիշկների և սարքավորումների կարիքը: Հիմա և՛ բժիշկներն են եկել, և՛ սարքավորումն ենք բերել՝ այն էլ՝ մեր արձակուրդի հաշվին: Այս տարի ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ մեր խմբի 8 բժիշկներով եկանք Հայաստան՝ մեզ հետ այստեղ տեղափոխելով մեծ քանակությամբ սարքավորումներ»,– ասաց Հայաստան ժամանած Ֆրանսիայի բժիշկների միության խմբի ղեկավար Լևոն Արթինյանը։

Նա մասնավորապես նշեց, որ իրենք դիմել են վաղեմի ընկեր ԱԿԲԱ-ին, որի հետ արդեն 20 տարի աշխատում են, և բանկը համաձայնել է աջակցել ծրագրի իրականացման գործում:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով($1 - 474,60 դրամ)։ -0-

 

 

 

 

 

 

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև