06.09.2016 19:01
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջում ս.թ. սեպտեմբերի 1-ին հրապարակված պատժամիջոցների ցանկում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ին ընդգրկելը չի ազդի բանկի գործունեության վրա, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:
«Բանկն աշխատում է սովորական ռեժիմով: Թե´ իրավաբանական և թե´ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների բոլոր հանձնարարականները, ներդրողների, ավանդատուների և վարկատուների առջև բանկի ունեցած պարտավորությունները կատարվում են ժամանակին և լրիվ ծավալով», - նշվում է հաղորդագրության մեջ:
Բանկի մամուլի ծառայությունից նշեցին, որ դրամային և արժութային հաշիվներով հաշվարկները, այդ թվում` VISA և MasterCard միջազգային վճարային համակարգերի քարտերով գործառնությունները իրականացվում են առանց ուշացման և լրիվ ծավալներով: Սովորականի պես իրականացվում է նաև հաճախորդների հաշվարկադրամարկղային սպասարկումը:
2014թ.-ի կեսերին պատժամիջոցներ են սահմանվել ռուսական Գազպրոմբանկի հանդեպ (որին պատկանում է Առէկսիմբանկի բաժնետոմսերի 100%-ը), որոնք սահմանափակում են միայն ամերիկյան ներդրողների համար 2014թ. հուլիսի 16-ից հետո բանկի կողմից տեղաբաշխվող երկարաժամկետ (ավելի քան 90 օր) պարտքային գործիքների հասանելիությունը:
Հինգշաբթի ԱՄՆ Ֆիննախի Օտարերկրյա ակտիվների վերահսկման բաժինը պատժամիջոցներ է սահմանել ռուսական Գազպրոմի, Գազպրոմբանկի մի շարք դուստր ընկերությունների և որոշ ֆիզիկական անձանց հանդեպ: Գազպրոմբանկն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ Գազպրոմբանկի խմբի մեջ մտնող բոլոր թվարկված ընկերությունները դե-ֆակտո եղել են ԱՄՆ պատժամիջոցների ցանկում այն պատճառով, որ նրանց կապիտալում Գազպրոմբանկի մասնաբաժինը գերազանցում է 50%-ը:
Այսպիսով, ԱՄՆ Գանձապետարանի վերջին հաղորդագրությունը ոչինչ չի փոխում ո´չ Գազպրոմբանկի, ո´չ էլ վերոնշյալ ընկերությունների գործունեության մեջ, որոնք աշխատում են սովորական ռեժիմով:
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնադրվել է 1998 թ.–ին։ Բանկը «Գազպրոմբանկ» խոշորագույն ռուսական բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: