«Յունիբանկն» էներգոարդյունավետության բարձրացման շահավետ բիզնես վարկեր է առաջարկում

09.09.2016 11:55
«Յունիբանկն» էներգոարդյունավետության բարձրացման շահավետ բիզնես վարկեր է առաջարկում

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Յունիբանկ» ԲԲԸ-ն Գերմանա-հայկական հիմնադրամի և գերմանական KfW բանկի հետ համատեղ սկսել է բիզնես վարկավորման նոր ծրագիր` ուղղված ձեռնարկությունների էներգաարդյունավետության բարձրացմանը,  հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեն ոչ միայն ստանալ բիզնես վարկեր շահավետ պայմաններով, այլ նաև` էապես կրճատել ձեռնարկության էներգածախսերը:

Նշված ծրագրով վարկային միջոցների համար կարող են դիմել արտադրության, առևտրի, շինարարության, գյուղատնտեսության , տրանսպորտի, զբոսաշրջության, ծառայությունների մատուցման և այլ ոլորտներում զբաղված անհատ ձեռներեցները կամ ընկերությունները:

«Էներգաարդյունավետ» վարկը տրամադրվում է ՀՀ դրամով մինչև 60 ամիս ժամկետով` մինչև 14% տարեկան տոկոսադրույքով:

Վարկի գումարը կազմում է 1 մլն ՀՀ դամից մինչև 500 մլն ՀՀ դրամ:

Որպես գրավի առարկա կարող է հանդես գալ անշարժ գույքը կամ ավտոտրանսպորտը:

Հաշվի առնելով շուկայի և բիզնեսի աշխատանքի առանձնահատկությունները, «Յունիբանկը» հաճախորդներին առաջարկում է վարկի մարման ճկուն և անհատական ժամանակացույց: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց որևէ սահմանափակումների:

«Յունիբանկի վարկային ծրագրերը մշակելիս մենք հաշվի ենք առնում ՓՄՁ-ներին համալիր աջակցության տրամադրման հնարավորությունը, նրանց պահանջմունքներն ու սեզոնային գործունեությունը: Այդ իսկ պատճառով մենք սկսեցինք համագործակցությունը գերմանական KfW բանկի հետ և մեր հաճախորդներին առաջարկեցինք նոր վարկատեսակ, որը հնարավորություն կտա բիզնեսին` ստանալու մատչելի միջոցներ էներգաարդյունավետ սարքավորումների ձեռքբերման, արտադրական հզորության բարձրացման և տեխնոլոգիաների նորացման համար»,–  նշեց «Յունիբանկի» Վարչության նախագահի տեղակալ, կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:

Պետրոսյանի խոսքով, նման մոտեցումը թույլ է տալիս ձեռնարկությանը կրճատել օգտագործվող էներգիայի ծավալները, բարձրացնել բիզնեսի արդյունավետությունն ու մրցունակությունը:

Նա ընդգծեց նաև, որ վարկավորման պայմանները հասանելի են մեծ թվով ձեռնարկատերերին, բանկը չունի միջնորդավճարներ, իսկ անհրաժեշտ փաստաթղթերի նվազագույն փաթեթը արագացնում և պարզեցնում է վարկային միջոցների ստացման գործընթացը։

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։-0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև