ՀՀ ԿԲ–ն մեղմել է արտարժութային միջոցների պարտադիր պահուստավորման նորմատիվը 18%–ով

26.09.2016 19:23
ՀՀ ԿԲ–ն մեղմել է արտարժութային միջոցների պարտադիր պահուստավորման նորմատիվը 18%–ով

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը մեղմել է արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման դրույքաչափը 20%-ից 18%, հայտնում է Հայաստանի ԿԲ–ի մամուլի ծառայությունը։

Համապատասխան որոշումն ընդունվել է Կենտրոնական բանկի խորհրդի սեպտեմբերի 20-ի նիստում, որի ընթացքում լրացումներ և փոփոխություններ կատարել է «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում:

Դեռևս 2015 թ. սկզբից Կենտրոնական բանկը հետևողականորեն իրականացնում է բանկերի կողմից երկարաժամկետ և կայուն ֆինանսավորման միջոցների ներգրավումը խրախուսող քաղաքականություն:

Նշված քաղաքականության շրջանակում ընդլայնվել է միջազգային կազմակերպությունների ցանկը, որոնցից ներգրավված միջոցները ենթակա են պարտադիր պահուստավորման նվազեցված դրույքաչափերով, ինչպես նաև խթանվել է տեղական բորսաներում թողարկված պարտատոմսերով երկարաժամկետ միջոցների ներգրավումը:

Մեղմացվել է նաև արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման ընթացակարգը, ինչպես նաև մեծացել է բանկերի կողմից արտարժույթով պարտադիր պահուստավորման իրականացման ճկունությունը (Կենտրոնական բանկում պահուստավորման ենթակա միջոցների կարգավորման  երկշաբաթյա ժամկետը երկարաձգվել է մինչև 28-35 օր):

Արժութային շուկայի իրավիճակը կայունացնելու համար 2014 թվականի դեկտեմբերի 17–ին ԿԲ–ն բարձրացրեց արտարժութային պարտադիր պահուստավորման նորմատիվը 12 տոկոսից մինչև 24 տոկոս, ինչից հետո արդեն հաջորդ օրը հայկական դրամը սկսեց արժևորվել։

Մեկ տարի անց` 2015 թվականի դեկտեմբերի 24–ին, Հայաստանի ԿԲ–ն արտարժութային պարտադիր պահուստավորման նորմատիվը նվազեցրեց 24 տոկոսից 20 տոկոս։ -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև