ՀՀ ԿԲ–ն 0.5 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

27.09.2016 18:10
ՀՀ ԿԲ–ն 0.5 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ խորհուրդը երեքշաբթի որոշում է ընդունել 0.5 տոկոսային կետով իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այն այժմ կազմում է 6,75 տոկոս, հաղորդում է կարգավորիչի մամուլի ծառայությունը։

ՀՀ ԿԲ խորհուրդը փաստում է, որ 2016 թ. օգոստոսին արձանագրվել է 0.5% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.1% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ ամսվա վերջին կազմելով -1.9%:

ԿԲ գնահատումների համաձայն` գնանկումային ցածր մակարդակը կպահպանվի նաև սեպտեմբերին, որից հետո մինչև տարեվերջ այն զգալիորեն կմեղմվի:

ՀՀ ԿԲ խորհուրդը փաստում է, արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը և միջազգային ապրանքային շուկաների հարաբերական կայունությունը, չնայած որոշ պարենային ապրանքների գծով դիտվել են թույլ գնաճային միտումներ:

ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում:

Խորհուրդն արձանագրում է, որ 2016 թ. առաջին կիսամյակի արդյունքներով արձանագրված տնտեսական բարձր ակտիվությունից հետո, 2016 թ. երրորդ եռամսյակում հրապարակված ցուցանիշները փաստում են տնտեսական աճի հեռանկարների վատթարացման մասին: Արդյունքում վերանայվել են նաև ԿԲ սպասումները ներքին պահանջարկի զարգացումների վերաբերյալ: Նման իրավիճակում ՀՀ ԿԲ-ն գնահատում է, որ դեռևս պահպանվող համեմատաբար բարձր արտաքին պահանջարկը այլևս ամբողջությամբ չի փոխհատուցում թույլ ներքին պահանջարկը, ինչը ռիսկեր է առաջացնում գնաճի կանխատեսված ցուցանիշից՝ նվազման ուղղությամբ շեղման առումով:

Կարճաժամկետ հատվածում դեռևս պահպանվող ցածր գնաճի, զգալիորեն նվազած գնաճային սպասումների, ինչպես նաև ցածր պահանջարկի հետևանքով ավելացող գնանկումային ռիսկերի ներքո ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը, ինչի պարագայում գնանկումային միջավայրը մինչև տարեվերջ հիմնականում կչեզոքանա, և կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կվերադառնա նպատակային ցուցանիշին:

ԿԲ խորհուրդը գնահատում է, որ չնայած կարճաժամկետ հատվածում գնանկումային ռիսկերը գերակշռում են, սակայն միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործման էական ռիսկեր չկան:

Լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 8.25 % և 5.25 %:

ՀՀ ԿԲ–ն 2016 թ.–ի սկզբից արդեն 6–րդ անգամն է նվազեցնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այսպես, փետրվարին տոկոսադրույքը 8,75 տոկոսից դարձել էր 8,5 տոկոս, մարտին` մինչև 8,25 տոկոս, մայիսին` 7,75 տոկոս, հունիսին` 7,5 տոկոս, օգոստոսին` 7,25 տոկոս։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև