ՀՀ ՔԿ–ն փնտրում է Երևանի բանկերից մեկում խոշոր գումարի գողության մեջ կասկածվող անձին

06.10.2016 18:33
ՀՀ ՔԿ–ն փնտրում է Երևանի բանկերից մեկում խոշոր գումարի գողության մեջ կասկածվող անձին

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ՔԿ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է երևանյան բանկերից մեկում խոշոր գումարի գողության մեջ կասկածվող տղամարդու նկարները` խնդրելով քաղաքացիներին օգնել պարզել վերջինիս ինքնությունը։

Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. սեպտեմբերի 2-ին, առերևույթ հանցագործություն կատարած անձը, բանկում տարադրամի փոխանակում կատարելու ընթացքում դրամարկղից գաղտնի հափշտակել է զգալի չափերի գումար: Գողացված գումարի չափը չի նշվում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (գողություն): Վերջինս պատժվում է տուգանքով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ մեկից երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

«Բանկի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ գործարքի տեսագրության վրա երևում է, թե ինչպես է միջին տարիքի, կապույտ վերնաշապիկով տղամարդը, գումար փոխանակելու ընթացքում աշխատակցուհուն մոլորեցնելով, վերցնում զգալի չափերի գումար», - նշվում է ՀՀ ՔԿ հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունից խնդրել է, որպեսզի նրանք, ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև